Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանում է, հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ


Հայաստանում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն, ով նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է։

Նրան այսօր ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ հայկական կողմի՝ քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:

Փաշինյանն ու Օվերչուկն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաների:

Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ այսօրվա հաղորդագրությունում որևէ բան նշված չէ:

Ռուսաստանի փոխվարչապետի այցը Հայաստան տեղի է ունենում նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ կետի շուրջ Մոսկվա-Երևան տարաձայնությունների ֆոնին:

Մոսկվան եռակողմ հայտարարության մասին Հայաստանի ղեկավարի մեկնաբանությունները մանիպուլյացիա է որակում: Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն նշանակում է միայն մոնիթորինգ:

«Չի կարելի այսքան անպատասխանատու վերաբերվել ստորագրված փաստաթղթերի մեջբերմանը», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պնդելով, թե Մոսկվան տեսնում է առկա փաստաթուղթն ու դրա դրույթները մանիպուլացնելու բազմաթիվ փորձեր: Այսպես նա արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի մեջբերմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG