Մատչելիության հղումներ

Աքսորում մահացել է Էրդողանի ախոյան Ֆեթուլլահ Գյուլենը


Ֆեթուլլահ Գյուլեն, արխիվ
Ֆեթուլլահ Գյուլեն, արխիվ

83 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում բնակվող մահմեդական հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենը, հաղորդում է Herkul կայքը, որը հրապարակում է նրա քարոզները:

Նա ժամանակին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակիցն էր, բայց հետագայում մեղադրվեց 2016-ի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։

«Մեր ուսուցիչը մահացել է հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին՝ հիվանդանոցում, որտեղ նա բուժում էր ստանում»,- ասվում է Herkul-ի X-ի էջում։

Չի նշվում, թե ինչ հիվանդություն ուներ Գյուլենը, սակայն հաղորդվում է, որ բժիշկներն ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ։

Նա 1999 թվականից ապրում էր Միացյալ Նահանգներում, 2017 թվականին Գյուլենը զրկվել էր Թուրքիայի քաղաքացիությունից։

Գյուլենի եղբորորդին հաստատել է Գյուենի մահը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ևս հաստատել է Գյուլենի մահը, նրան բնորոշելով որպես «մութ կազմակերպության ղեկավար»։

2016-ին Էրդողանի կառավարության դեմ հեղաշրջման փորձը շրջադարձային պահ էր Թուրքիայի համար։ Մոտ 250 մարդ զոհվեց, երբ ապստամբ զինվորները առևանգեցին ռազմական ինքնաթիռներ, տանկեր և այլ ծանր զինտեխնիկա՝ փորձելով հեռացնել նախագահին իշխանությունից։ Արյունալի ապստամբությունը ստիպեց Թուրքիայի կառավարությանը համակողմանի պատերազմ հայտարարել Գյուլենի ղեկավարած «Հիզմեթ» կառույցին։

Ձախողված ռազմական հեղաշրջման փորձից անմիջապես հետո թուրքական իշխանությունները նախագահի և վարչապետի մակարդակով հայտարարեցին, որ հենց Ֆեթուլլահ Գյուլենն է կանգնած այդ նախաձեռնության հետևում, սկսվեցին գյուլենականների՝ Գյուլենի հետևորդների զանգվածային ձերբակալությունները։

Ինքը՝ Գյուլենը, կտրականապես հերքել էր իր հասցեին հնչող մեղադրանքները և խոստացել Թուրքիա վերադառնալ այն դեպքում, եթե միջազգային հանձնաժողովի հետաքննության արդյունքում ապացուցվի իր մեղքը:

Անկարան «Հիզմեթ»-ն ահաբեկչական կազմակերպություն է համարում: Այն ազդեցիկ խումբ է, որը հիմնականում զբաղվում է կրթական գործունեությամբ և նպաստում է քաղաքացիական հասարակության զարգացմանը:

Գյուլենի դեմ արշավը տարածվեց նաև Թուրքիայի տարածաշրջանային դաշնակիցների շրջանում։ Կենտրոնական Ասիայի որոշ իշխանություններ ուժեղացրել են հոգևորականի հետ կապված հաստատությունների դեմ բռնաճնշումները, որոնք սկսվել էին մինչև հեղաշրջման փորձը։

Վերջին տարիներին տեղեկություններ են ստացվել, որ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ մեղադրվող Թուրքիայի քաղաքացիներ են ձերբակալվել և բռնի ուժով տեղափոխվել Թուրքիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG