Մատչելիության հղումներ

Բայդենը՝ Փաշինյանին. Համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, փոխզիջում


ԱՄՆ նախագահը նամակ է հասցեագրել Հայաստանի վարչապետին։ Նիկոլ Փաշինյանին Ջո Բայդենի նամակն այսօր փոխանցել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը։

«Ուրախ եմ տեսնել, որ Ձեր երկիրը և Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, որը կկարգավորի ձեր երկու երկրների միջև հարաբերությունները», - կառավարության փոխանցմամբ՝ ասված է Բայդենի նամակում:

Մայքլ Քարփենթերը նախօրեին Բաքվում էր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նրան էլ էր փոխանցել նախագահ Բայդենի նամակը, որով վերջինս հորդորել էր ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն այս տարվա ընթացքում:

Հայաստանի վարչապետին ԱՄՆ առաջնորդը վստահեցրել է, որ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը «վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը»։ Ըստ նրա՝ խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովություն և կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար, այն նաև կվերափոխի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը։

Բայդենը միաժամանակ շեշտել է՝ խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում. «Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, և ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը»։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է՝ իր վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն:

«Ես խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ Ձեր կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ:

Ինչպես անցյալ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հիշատակվեց, այժմ եկել է պահը վերահաստատելու հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և խաղաղության հիմնարար սկզբունքներին: Ավելի պայծառ ապագան հասանելի է, և ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատանքին՝ այն բաց չթողնելու համար», - ասված է Միացյալ Նահանգների նախագահի նամակում:

Ամերիկացի պաշտոնյայի հետ այսօրվա հանդիպմանը վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված հոդվածների հիման վրա և շարունակելու հետագա քննարկումները: Երևանի այս առաջարկը Բաքուն անիրատեսական է որակում:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի փոխվստահությանը և դրական ազդակ կհաղորդի մյուս հարցերի քննարկման ու համաձայնության հասնելու գործին:

Մայքլ Քարփենթերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի նպատակադրումն ու քայլերը՝ ի նպաստ խաղաղության ու կայունության հաստատման, կարևորել սահմանազատման գործընթացն ու կանոնակարգի ստորագրումը, շեշտել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:

Նրանք մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Մայքլ Քարփենթերն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպմանը Մայքլ Քարփենթերն ասել էր՝ ներկայումս պայմանագիրը ստորագրելու պատմական հնարավորություններ կան։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը բացի տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերից, խոսել են նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերից, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության զարգացմանը միտված ընթացիկ ծրագրերը, դրական դինամիկան ու հետագա հեռանկարները։

«Հայաստանը շահագրգիռ է շարունակել զարգացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով»,- ընդգծել է արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG