Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ը հրաժարվում է պատասխանել գերիներին վերաբերվող հարցերին

Արտգործնախարարությունը հրաժարվում է ասել՝ արդյոք դիմե՞լ է Բաքվին՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին 3-րդ երկրի կողմից այցելության նպատակով:

Արտաքին քաղաքական գերատեսչությունն անցած ամսվա վերջին տեղեկացրել էր, թե Հայաստանը դիմել է չեզոք երկրի՝ հյուպատոսական այց կազմակերպելու և Բաքվում գտնվող հայ գերիներին տեսակցելու խնդրանքով: Միաժամանակ ԱԳՆ ընդգծել էր, թե այցի կազմակերպման համար անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։

«Ազատությունը» հարցում էր ուղարկել նախարարությանը՝ խնդրելով պատասխանել՝ արդյոք Հայաստանն արդեն պաշտոնապես դիմե՞լ է Ադրբեջանին, 3-րդ երկրի կողմից հայ գերիների տեսակցելու հարցով: Եթե այո, ի՞նչ պատասխան են ստացել Բաքվից: ԱԳՆ-ին նաև հարցրել էինք՝ ո՞ր երկիրն է համաձայնել Ադրբեջանում տեսակցել շուրջ 20 հայ գերիներին:

Արտաքին քաղաքական գերատեսչությունն «Ազատության» որևէ հարցին չի պատասխանել:

«Բաքվում պահվող հայ գերիների խնդիրների հասցեագրման ուղղությամբ աշխատանքները շարունակական են: Հաշվի առնելով հարցի զգայունությունը ԱԳ նախարարությունը նպատակահարմար չի համարում տարվող աշխատանքների վերաբերյալ հավելյալ տեղեկատվության հանրայնացումը», - հայտնել են ԱԳՆ-ից:

Հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը «Ազատությանն» ասել էր, որ Ադրբեջանում պահվող 20 հայ գերիներին այցելությունն այս պահին հույժ կարևոր է՝ հաշվի առնելով, որ անցած տարվանից նրանք հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ:

Որոշ ռազմագերիներ իրենց ընտանիքների հետ միայն 40 օրը մեկ հեռախոսով շփվելու հնարավորություն ունեն, ինչն է՛լ ավելի ծանր վիճակում է դնում ընտանիքներին:

Իրավապաշտպանը գերիների հարազատներից տեղեկություններ է ստացել, որ ադրբեջանական բանտում պահվող հայ պատանդներից ոմանք նաև վնասվածքներ ունեն: Սակայն հնարավոր չէ ճշտել՝ արդյոք բռնության հետևանքո՞վ են այդ վնասվածքները հասցվել:
«Ահազանգեր ենք ստացել գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ», - ասել էր Սահակյանը:

Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարի փակվեց Բաքվում գործող Կարմիր Խաչի գրասենյակը, և հայ պատանդների պահման ու առողջական վիճակի մասին անկախ տեղեկատվություն ստանալու հնարավորություն չկա:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG