Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին Եվրադատարանում շահել է Ադրբեջանի և Վրաստանի դեմ ներկայացած հայցը։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշել է, որ Բաքուն ու Թբիլիսին պետք է ընդհանուր 21 հազար եվրո փոխհատուցում վճարեն լրագրողին։
Դատարանը գտել է, որ նրա առևանգման, կոպիտ վերաբերմունքի և անօրինական կերպով Ադրբեջանին հանձնելու դրվագներով Վրաստանը խախտել է մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության մասին Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի դրույթները։ Իսկ Ադրբեջանը խախտել է ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև անձնական և ընտանեկան իրավունքները հարգելու հոդվածները։
Ըստ դատարանի որոշման՝ Վրաստանը պետք է վճարի 12 հազար 500 եվրո, Ադրբեջանը՝ 8 հազար 500 եվրո։
Մուխտարլին Ադրբեջանը լքել էր 2015 թվականին՝ իշխանությունների կոռուպցիայի մասին հետաքննությունից հետո։ 2017-ի թվականի մայիսի 29-ին Թբիլիսիի կենտրոնում նրա վրա հարձակվել էին, ծեծի ենթարկել, կապկպել, գլուխը պարկ մտցրել, հրել մեքենայի մեջ և այդ վիճակում նրան հասցրել էին սահման ու փոխանցել Ադրբեջանին։
Ադրբեջանում նրան մեղադրել էին սահմանը անօրինական հատելու ու մաքսանենգության մեջ և դատապարտել 6 տարվա ազատազրկման։
Բաքվի վրա միջազգային ճնշումների արդյունքում 2020-ի մարտին Աֆղան Մուխտարլին ազատ էր արձակվել ու մեկնել Գերմանիա։
Վրաստանը հերքում է Մուխտարլիի առևանգմանն առնչություն ունենալու և այդ գործով Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքները, սակայն միջադեպից հետո պաշտոնանկ էին արվել Վրաստանի հակահետախուզության և սահմանապահ ծառայությունների ղեկավարները։