Մատչելիության հղումներ

Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան էներգետիկ համատեղ ընկերություն հիմնեցին


Չորս երկրների և ԵՄ ներկայացուցիչները համաձայնագրի ստորագրումից հետո, դեկտեմբերի 17, Բուխարեստ, Ռումինիա
Չորս երկրների և ԵՄ ներկայացուցիչները համաձայնագրի ստորագրումից հետո, դեկտեմբերի 17, Բուխարեստ, Ռումինիա

Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան համատեղ ընկերություն հիմնեցին Սև ծովի հատակով էլեկտրահաղորդման մալուխ անցկացնելու համար, ինչը թույլ կտա Ադրբեջանից ավելի շատ վերականգնվող «կանաչ» էլեկտրաէներգիա մատակարարել Եվրոպա։

Չորս երկրների կառավարությունների նախարարական մակարդակով ներկայացուցիչները Բուխարեստում այսօր կայացած հանդիպմանը ստորագրեցին բաժնետերերի կողմից համատեղ ընկերություն հիմնելու փաստաթղթերը։

Ռումինիայի էներգետիկայի նախարար Սեբաստիան Բուրդուժան ասել է, որ այս ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի իր երկրի և Եվրամիության համար։

«Այս ծրագիրը մեզ համար իսկապես ազգային անվտանգության հարց է։ Մենք շատ ենք խոսում դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին։ Եթե նայեք Եվրոպայի էներգետիկ քարտեզին, կտեսնեք, որ արևելյան թևում մենք շատ բարձր գին ենք վճարում անբավարար դիվերսիֆիկացիայի պատճառով։ Մեզ լրացուցիչ ուղիներ են պետք»,- նշել է նա։

Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Բաքվում COP 29-ի համաժողովի օրերին։

Չորս երկրների ղեկավարները այս ծրագրին հավանություն էին տվել 2022 թվականին։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պատճառով Եվրոպան ձգտում է նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG