Մատչելիության հղումներ

Ադրբեջանի օմբուդսմենը դիմել է միջազգային կառույցներին, կոչ արել դատապարտել «ադրբեջանցիների արտաքսումը»


Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևա
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևա

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան բաց նամակ է հղել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, օտարերկրյա օմբուդսմեններին՝ պահանջելով դատապարտել «ներկայիս Հայաստանի տարածքից 300 հազար արևմտյան ադրբեջանցիների վտարման աննախադեպ և անարդար որոշումը»։

Ալիևան նաև նշել է, թե «աշխարհը պետք է ուշադրության կենտրոնում պահի նրանց արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունքի ապահովման հարցը»։

«Այս իրավիճակի շարունակությունը պետք է ընկալվի որպես սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը», - հայտարարել է Ադրբեջանի օմբուդսմենը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն օրերս հայտարարել էր, թե «վերջին երկու հարյուր տարիների ընթացքում ադրբեջանցիների տեղահանումն իրենց պատմական հողերից պատմական փաստ է»՝ ընդգծելով՝ նրանք «բռնի են տեղահանվել, ավելի քան 2000 տեղանուններ են փոխվել»։

Հաջիզադեն այսպես Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանն էր արձագանքել։ Միրզոյանը, մասնավորապես, ասել էր, որ սովետմիության տարիներին Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, սակայն նրանք այստեղից մեծամասամբ հեռացել են քաղաքակիրթ․ «հարյուր ընտանիք ուղղակի վաճառել է իր բնակարանը, 160 հազարից ավելի ադրբեջանցի, ովքեր հեռացել են Հայաստանից, ստացել են Հայաստանի կառավարությունից փոխհատուցում, հետևաբար և այստեղ իրավունքներն էլ են սպառված»։ Հայաստանի արտգործնախարն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը տարածքային պահանջ էր համարել Հայաստանի նկատմամբ։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել՝ Հայաստանի Հանրապետությունում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»՝ շեշտելով՝ դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ։

Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը և Փաշինյանի կառավարությունից պահանջում հստակեցնել՝ ինչպե՞ս են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց պատմական հողերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG