Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին․ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ


Ադրբեջան - Խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամաս Աստարայում, 1-ը սեպտեմբերի, 2024թ.
Ադրբեջան - Խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամաս Աստարայում, 1-ը սեպտեմբերի, 2024թ.

«Չնայած էֆեկտիվ գործընթացին՝ պայմանները թույլ չտվեցին ընտրություններն անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան», - այսօր Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Դիտմիր Բուշաթին՝ ներկայացնելով արձանագրված խախտումները։ Նրա խոսքով՝ «ցավոք, այս ընտրություններում չկար քաղաքական իրական բազմակարծություն», քանի որ բազմաթիվ թեկնածուներ բախվել են լուրջ խոչընդոտների, իսկ ընտրական հանձնաժողովները քաղաքացիական շատ դիտորդների աշխատանքը դարձրել են անհնարին։

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Մայքլ Կրիդն ասել է, որ «ընտրություններն անցկացվել են սահմանափակ քաղաքական և իրավական միջավայրում, քաղաքական բազմակարծության բացակայության պայմաններում»:

Ադրբեջանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները ընտրողներին քաղաքական այլընտրանք չառաջարկեցին և անցկացվեցին հիմնարար ազատությունների և լրատվամիջոցների չափից դուրս սահմանափակումներով, նշել են եվրոպացի դիտորդները։

Ընտրատեղամասերի բացման, քվեարկության գործընթացները նրանք կազմակերպված են գնահատել, միաժամանակ նշելով, որ կարևոր ընթացակարգերի, հատկապես ձայների հաշվարկի ժամանակ լուրջ խախտումներ են տեղի ունեցել։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը համարվում է դիտորդական հիմնական, անկողմնակալ և հեղինակավոր առաքելությունը։

Ադրբեջանի բարեկամ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի, Բելառուսի դիտորդները շնորհավորանքներ են շռայլել, ասելով, որ ընտրությունները անցել են օրինական, բոլոր նորմերին համապատասխան, և ընդգծել, որ նախագահական արտահերթ ընտրություններից հետո խորհրդարանական ընտրությունները ևս առաջին անգամ անցկացվեցին Ադրբեջանի ամբողջ տարածքում, և դա համարել են Ադրբեջանի մեծ հաջողությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ Ադրբեջանի 125-տեղանոց նոր խորհրդարանում իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը 68 մանդատ կունենա։ Այսպիսով, Իլհամ Ալիևի գլխավորած կուսակցությունը Միլի մեջլիսում 50 տոկոսից ավելին մեծամասնություն կունենա։ 46 տեղ կստանան որպես անկախ թեկնածուներ առաջադրվածները, որոնք հայտնի են իշխամետ դիրքորոշումներով, իսկ 11 տեղ հասել է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներին։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրողների մասնակցությունը կազմել է գրեթե 37.5 տոկոս։ Ադրբեջանի ընտրական օրենսդրությամբ մասնակցության շեմ սահմանված չէ, ընտրողների ցանկացած քանակի մասնակցության դեպքում ընտրությունները համարվում են կայացած։ Ընտրողների թիվը 6 միլիոն 421 հազար 960 է: Բացվել էր 6 հազար 478 ընտրատեղամաս, այդ թվում՝ հայաթափված Արցախում։

Ադրբեջանի իրական ընդդիմադիր ուժերը չեն ճանաչում ընտրությունենրի արդյունքները և նույնը կոչ են անում միջազգային հանրությանը։

Ընտրությունները բոյկոտած հիմնական ընդդիմադիր ուժը՝ «Ժողովրդական ճակատն» այսօր հայտարարել է, թե չի ճանաչում ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք չեն արտահայտում ժողովրդի կամքը, իսկ պաշտոնական նախնական արդյունքներն ամբողջովին կեղծված են։

«Այս ընտրություններն անցկացվել են այնպիսի պայմաններում, երբ ամբողջովին սահմանափակված էին հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Իրական ընդդիմությունն ու ժողովուրդը բոյկոտել է ընտրությունները, չկար մրցակցություն։ Խորհրդարանի նոր կազմը ձևավորվել է անձամբ Իլհամ Ալիևի կողմից հաստատված ցուցակով։ Այսպիսի խորհրդարանը չի կարող լեգիտիմ լինել և ներկայացնել ժողովուրդը», - հայտարարել է Ժողճակատը։

Ընդդիմադիր կուսակցությունը նշել է, որ քաղաքական ազնիվ մրցակցության համար ապահովված չեն եղել անգամ նվազագույն պայմանները։ «Մենք առաջարկել էինք ստեղծել ամենատարրական պայմանները, մասնավորապես՝ ազատ արձակել ավելի քան 300 քաղբանտարկյալների, հարգել հավաքների ազատությունը, ապահովել ընդդիմության ներկայությունը ընտրական հանձնաժողովներում, ինչպես նաև անկախ կազմակերպությունների և ընդդիմության ներկայացուցիչների համար ապահովել ընտրությունները դիտարկելու հնարավորությունը։ Սակայն այս առաջարկներն անտեսվել են։ Ավելին՝ իշխանություններն ուժեղացրեցին բռնաճնշումները, ցույց տալով, որ հետաքրքրված չեն իրական ընտրություններ անցկացնել։ Իշխանություններն օգտագործեցին կեղծարարության ավանդական մեթոդներ՝ ընտրատեղամասերում մեծ քանակի ընտրողների ներկայության պատրանք ստեղծելու համար», - հայտարարել է Ժողճակատը, պնդելով, որ ընտրողների մասնակցությունը 7-8 տոկոս է կազմել։

«Վերապատրաստված մարդկանց խմբերը մի քանի անգամ քվեարկել են տարբեր ընտրատեղամասերում՝ քվեատուփերը լցնելով կեղծ քվեաթերթիկներով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած 38 տոկոս մասնակցությունը ոչ մի ընդհանրություն չունի իրականության հետ», - պնդում է Ժողճակատը՝ միջազգային հանրությանը կոչ անելով սկզբունքային գնահատական տալ ընտրությունների զանգվածային կեղծարարությանը։

Մեկ այլ ընդդիմադիր կուսակցություն՝ «Մուսաֆաթ»-ը, հայտարարել է, որ ընտրություններն ուղեկցվել են զանգվածային խախտումներով։ Նրանք պնդում են, որ այն ընտրատեղամասերի մեծ մասում, որտեղ առաջադրվել էին իրենց թեկնածուները, խաթարվել է ընտրական գործընթացը չընդհատելու սկզբունքը՝ ընտրական հանձնաժողովները քվեարկության ավարտից անմիջապես հետո չեն սկսել քվեաթերթիկների հաշվարկը։ «Շատ տեղերում ընտրական հանձնաժողովների նախագահներն ընդմիջում են հայտարարել՝ ասելով, թե հաջորդ օրը կհաշվեն քվեաթերթիկները, ինչն Ընտրական օրենսգրքի կոպիտ խախում է», - նշում է «Մուսաֆաթ»-ը՝ իր հերթին հայտարարելով, որ քվեարկությունն անցկացվել է զանգվածային խախտումներով, քվեաթերթիկների լցոնումներով, ընտրողների խմբերին տարբեր տեղամասեր տանելով ու դիտորդների վրա ճնշումներով։

«Հանրապետական այլընտրանք» կուսակցությունը հայտարարել է, թե վիճարկելու են այն ընտրատարածքների արդյունքները, որտեղ առաջադրվել էին իրենց թեկնածուները։ Կուսակցության նախագահ Իլգար Մամեդովն ասել է, որ իրավական գործընթացից հետո հանդես կգան քաղաքական հայտարարությամբ։

Ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» միջազգային հանրությանը կոչ է արել չճանաչել ընտրությունների արդյունքները։

«Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի մեքենայությունների նկատմամբ ցանկացած լոյալ, ոչ միանշանակ վերաբերմունքը խոչընդոտում է մեր երկրի ժողովրդավարացմանը և Արևմուտքի հետ ինտեգրաման գործընթացին։ Ուստի «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» միջազգային հանրությանը կոչ է անում ավելի սկզբունքային և օբյեկտիվ լինել սեպտեմբերի 1-ի ընտրությունների կեղծ արդյունքների նկատմամբ», - հայտարարել է ընդդիմադիր միավորումը։

XS
SM
MD
LG