Մատչելիության հղումներ

Ադրբեջանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը քնարկել են Իրանով դեպի Նախիջևան ճանապարհի կառուցման ընթացքը


Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադով, արխիվ
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադով, արխիվ

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում փետրվարի 17-ին հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։

Ըստ ադրբեջանական կողմի՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները տնտեսության, առևտրի, ներդրումների, տրանսպորտի և տարանցման, նավթագազային, էներգետիկ և հումանիտար ոլորտներում։

Նաև նշվում է, որ կողմերը վերանայել են Իրանի տարածքով Արևելյան Զանգեզուր-Նախիջևան տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի իրականացման ընթացքը։

Բաքուն շարունակում է Հայաստանից ճանապարհ պահանջել, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանին ու այն կլինի առանց մաքսային հսկողության ու անխոչընդոտ: Երևանն էլ պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո:

Հունվարի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն գործնական քայլեր է ձեռնարկում այդ միջանցքի բացման ուղղությամբ։ «Ճիշտ է նաև, որ Հայաստանն այս հարցում ոչ կառուցողական մոտեցում է դրսևորում և չի կատարում այն պարտավորությունները, որ ստանձնել է նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն ակտով», - ասել էր Ալիևը՝ նշելով՝ քանի դեռ «Զանգեզուրի միջանցքը» չի բացվել, Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Հայաստանը շրջանցող, Իրանի տարածքով անցնող ճանապարհի շինարարության ուղղությամբ։ Ալիևի խոսքով՝ Թեհրանի հետ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, երբ Բաքվում «տեսան Հայաստանի ոչ անկեղծ պահվածքը»։

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին: Փետրվարի սկզբին Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին վերահաստատեց, որ Թեհրանը դեմ է որևէ ճանապարհի, որ կլինի միջանցքի տրամաբանությամբ՝ նկատելով՝ «Միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում: Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ լինելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին: Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG