Իրանցի բարձրաստիճան հոգևորականների ներկայությամբ Ադրբեջանի և Իլհամ Ալիևի հասցեին հնչած վիրավորական արտահայտությունները չեն արտացոլում իրանական կառավարության դիրքորոշումը, հայտարարում է պաշտոնական Թեհրանը։
Հակադարձելով Բաքվի մեղադրանքներին՝ Իրանի արտգործնախարարի օգնական Մոջթաբա Դեմիրչիլին IRNA պետական գործակալության միջոցով փոխանցել է, որ Իրանի քաղաքականությունն ուղղված է հարևան պետությունների՝ հատկապես Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը։
Իրանցի պաշտոնյայի հայտարարությունը հաջորդում է Թեհրանի դեմ Բաքվի հերթական դեմարշին։
Երեկ Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սայեդ Ջաֆարի Աղայե Մարիանը, ում բողոքի պաշտոնական նոտա էր ներկայացվել։ Պատճառն իրանցի ազդեցիկ հոգևորականներից մեկի՝ Արդեբիլում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլա Ամելիի՝ ներկայությամբ հնչած հայտարարություններն էին, որոնք Բաքվում «վիրավորական և սադրիչ էին որակել»։
«Ադրբեջանի ԱԳՆ բողոքը կապված էր երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող քաղաքներից մեկում մեկ անհատի հնչեցրած անպատեհ և չմտածված հայտարարությունների հետ», -Դեմիրչիլիի խոսքերն է բերում IRNA գործակալությունը
«Ազատության» իրանական ծառայության փոխանցմամբ, Իլհամ Ալիևի
կառավարության բողոքը հարուցած միջադեպը տեղի է ունեցել անցած ամիս Արդաբիլ քաղաքում կրոնական արարողության ժամանակ, որը գլխավորում էր Իսլամական հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ամելին։ Դրան մասնակցել են նաև Այաթոլլա Ալի Խամենեիին մոտ կանգնած այլ բարձրաստիճան հոգևորականներ։
Աղբյուրի համաձայն հեռուստատեսությամբ հեռարձակված միջոցառման ընթացքում բանախոսներից մեկը Իրանի Շահ Իսմայիլ Սաֆավիի և Օսմանյան կայսրության սուլթան Սելիմի միջև պատերազմն է հիշել և զուգահեռներ անցկացրել Իրանի և Թուրքիայի միջև ներկայիս տարածաշրջանային մրցակցության միջև, վիրավորական արտահայտություններ հնչեցրել Էրդողանի, Ալիևի հասցեին և համոզմունք հայտնել, որ մոտ երկու հարյուր տարի առաջ Իրանին պատկանող հողերում, այդ թվում՝ Բաքվում կրկին կբարձրացվի իրանցի Զաման իմամի դրոշը։
«Ազատության» իրանական ծառայությունը նշում է, որ այս հայտարարությունները հնչել են Թեհրանի երկարամյա դաշնակից Բաշար Ասադի ռեժիմի տապալմանը հանգեցրած Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում։
Պաշտոնական Անկարան, որի աջակցությամբ իսլամիստ զինյալներն անցած ամիս վերջ դրեցին Թեհրանի վաղեմի դաշնակիցներ ասադների կեսդարյա կառավարմանը, դեռևս չի արձագանքել Իրանից հնչած հայտարարություններին։
Բաքուն մինչ այդ պնդում է, որ Իրանում «հակաադրբեջանական տրամադրություններ են լրջորեն բորբոքվում», մանրամասներ սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրությունում չի նշել։
Հարևան երկրների հարաբերությունները կտրուկ վատթարացել են երկու տարի առաջ Թեհրանում գտնվող Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած զինված միջադեպից հետո, որը Բաքուն ահաբեկչություն էր որակել։ Ճգնաժամը փորձում էր թուլացնել Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսին, ով անցած մայիսին իր ենթակաների հետ այցելել էր Ադրբեջան և հանդիպում ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ։ Թեհրան վերադարձի ճանապարհին նրա ուղղաթիռը վթարի ենթարկվեց, որի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահը, արտգործնախարարը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։