Մատչելիության հղումներ

Ադրբեջանական դատարանը հրաժարվեց ազատ արձակել Ֆրանսիայի քաղաքացուն


Ադրբեջանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի վերաքաննիչ դատարանը մերժեց Ֆրանսիայի քաղաքացի Կլերկ Տեգո Հյուգոյի՝ ազատազրկման դատավճիռը փոխելու միջնորդությունը։

Սեպտեմբերին ֆրանսիացին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել Բաքվի մետրոպոլիտենի գնացքներից մեկը նկարազարդելու համար։

Ըստ APA գործակալության` ամբաստանյալն այսօր դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, դատարանից խնդրել է կամ ներում շնորհել իրեն կամ ինչպես ընկերների դեպքում՝ դատավճիռը փոխարինել տուգանքով, ինչը դատարանը չի բավարարել։

Բաքվի մետրոպոլիտենի գնացքներից մեկը նկարազարդելու գործով բերման էին ենթարկվել նաև Նոր Զելանդիայի և Ավստրալիայի քաղաքացիներ, սակայն վերջիններս շուրջ 3 հազար 500 եվրո տուգանքի են ենթարկվել և ազատ արձակվել։

Փարիզն իր դժգոհությունն է արտահայտել Բաքվի որոշման առնչությամբ՝ այն որակելով «կամայական և բացահայտ խտրական վերաբերմունք»:

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանությունը ևս դատապարտել է Ֆրանսիայի քաղաքացու բանտարկությունն՝ ընդգծելով, որ գործով անցնող երկու այլ ամբաստանյալներ, որոնք այլ ազգի քաղաքացիներ են, նույն մեղադրանքով ոչ թե ազատազրկվել են, այլ ուղղակի տուգանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG