Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը դիմում են ցուցարարներին


Ցուցարարների վրանները Բաղրամյան պողոտայում, 10-ը հունիսի, 2024թ
Ցուցարարների վրանները Բաղրամյան պողոտայում, 10-ը հունիսի, 2024թ

Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր կոչով դիմել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին՝ հորդորելով պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։

ԱԱԾ-ն զգուշացրել է՝ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։

Ոստիկանությունն իր հերթին հորդորել է՝ զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին:

Շեշտելով, որ Հայաստանն իրավական երկիր է՝ Ոստիկանությունը զգուշացրել է՝ հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի։

Հունիսի 9-ից Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, գիշերող ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարել էր, որ հունիսի 12-ը կարևոր հանգրվան է լինելու՝ առանց մանրամասնելու։

Իշխանությունը սա սպառնալիք ընկալեց։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը զգուշացրեց՝ խորհրդարանի շենքը պաշտպանվում է ոչ միայն դրսից, այլև ներսից։ Քոչարյանը կոչ արեց ժողովրդին, նման որոշման դեպքում չգնալ շենքի գրոհի, ակնարկելով, որ հակառակ դեպքում ուժ է կիրառվելու։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին հորդորեց ընդդիմությանը՝ չսադրել ոստիկաններին, նշելով, թե, իր համոզմամբ, Բագրատ Գաստանյանի շարժումը փորձելու է կրկնօրինակել այն, ինչ հեղափոխության ժամանակ արեց Նիկոլ Փաշինյանը՝ փշալարերը հաղթահարելով մտնել խորհրդարան։

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է։

Ազգային ժողովի շենքի մոտ, Դեմիրճյան փողոցի հատվածում, այսօր առավոտից ոստիկանական նոր ուժեր են բերվում։ «Ազատության» տեսախցիկը նաև ոստիկանական մեքենաներում փշալարեր է արձանագրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG