Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի գործի քննությունը «ամբողջությամբ կվերանայվի»


2008 թվականի մարտի 1-ի զոհերի հարազատների ցույցը Երեւանում:
2008 թվականի մարտի 1-ի զոհերի հարազատների ցույցը Երեւանում:

«Մարտի 1-ի գործի քննությունը ամբողջությամբ կվերանայվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հինգշաբթի օրը փոխանցեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր Հատուկ քննչական ծառայության պետի մոտ տեղի է ունեցել օպերատիվ քննարկում` նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հանձնարարականի պահանջները կատարելու ուղղությամբ:

Քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերանայել նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները: Կվերանայվեն բոլոր վարկածները¸ ցուցմունքները¸ կատարված փորձաքնությունները:

Վահագն Հարությունյանի փոխանցմամբ, Հատուկ քննչական ծառայության պետի կողմից ցուցում է տրվել առանձնահատուկ ուշադրություն դարձնել վկաների նախկին ցուցմունքների եւ փորձաքննություների եզրակացություններ վրա: Անհրաժեշտության դեպքում նաեւ կնշանակվեն լրացուցիչ փորձաքննություններ: Արդեն իսկ գրավոր հանձնարարական է ուղարկվել Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության օպերատիվ ծառայություններին` օպերատիվ որոնողական միջոցառումները առավել ակտիվացնելու նպատակով:

«Ըստ էության, գործի քննությունը նորից կվերանայվի ամբողջությամբ: Եթե ի հայտ կգան հարցեր, խնդիրներ, որ ժամանակի ընթացքում վրիպակի կամ ինչ-որ բանի արդյունքում ուշադրությունից դուրս են մնացել, անպայման դրանք ի հայտ կբերվեն եւ քննության առարկա կդարձվեն: Արվելու է հնարավորինս` տեղի ունեցած դեպքերի բացահայտումը ապահովելու նպատակով», - ասաց Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը:

Նշենք, որ ընդդիմությունը պարբերաբար պնդում է, թե քննչական ծառայությունը իմիտացիայով է զբաղված, քանի որ 3 տարի ձգվող նախաքննության ընթացքում քննչական խումբը Մարտի 1-ի հետ առնչություն ունեցող պաշտոնատար անձանց, այդ թվում` Հայաստանի երկրորդ նախագահին առ այսօր հարցաքննության չի կանչում:

Հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի երեկվա հանձնարարականից հետո հնարավոր է, որ հարցաքննության կանչվի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Հարությունյանը արձագանքեց. - «Չեմ կարծում, որ նման հայտարարություն անողները իրավասու են որոշելու նպատակահարմարության ու ոչ նպատակահարմարության հարցը: Նույն կարգով նաեւ չի հարցաքննվել դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եթե քրեական գործի քննության տակտիկայից ելնելով` խումբը գտնի, որ կա նման հարցաքննություններ կատարելու անհրաժեշտություն` կկատարի: Եվ ես չեմ կարծում, որ, ասենք, 10 անձանց մահվան հանգամանքները, ինչի մասին նույն այդ, այսպես կոչված` մեղադրողները անընդհատ շահարկում են, կարող է Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը այդ անձանց մահվան հանգամանքները բացահայտի»:

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հորդորել էր իրավապահ մարմիններին նոր ուղիներ գտնել Մարտի 1-ը բացահայտելու համար: Հարցին, թե արդյոք քննչական խումբը ունի այդ նոր ուղիները, խմբի ղեկավարը արձագանքեց, թե կփորձեն գտնել:

Իսկ հարցին, թե հնարավոր կլինի՞ նախագահի հանձնարարականից հետո ինչ-որ առաջընթաց արձանագրել, Հարությունյանը պատասխանեց, թե չի կարող կանխագուշակություններ անել:

Նրա խոսքով, գործի քննությունը երբեք չի դադարել, Սերժ Սարգսյանի հանձնարարականը պարզապես «առավել կակտիվացնի կատարվելիք գործողությունները», եւ եթե լինեն արդյունքներ, ապա հասարակությունը անպայման կիմանա այդ մասին:

Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրած նախկին Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամ Անդրանիկ Քոչարյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո հասարակությունը պետք է տեսնի «ռեալ գործողություններ», եւ նախաքննական մարմինը «իմիտացիայի փոխարեն պետք է իրականացնի լիարժեք բացահայտումներ»: Իսկ դրա համար, ըստ նրա, առաջին հերթին պետք է հարցաքննության կանչվի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաեւ` մի շարք այլ պաշտոնական անձինք:

«Ռոբերտ Քոչարյանը պետք է բացատրություն տա, թե ուժային թեւի հետ փետրվարի 23-ին կայացած խորհրդակցության արդյունքում ինչ հրահանգավորում է արել, եւ դրանից հետո 0038 հրամանը ինչպես է ծնվել, Պաշտպանության նախարարը ինչպես է ստորագրել: Եվ կարծում եմ, որ բացատրություն պետք է տա առաջին հերթին նաեւ [Պաշտպանության նախկին նախարար] Միքայել Հարությունյանը: Ինչքան էլ Միքայել Հարությունյանը ասի, որ ինքը գտնվել է Թիֆլիսում, հեռախոսով են իրեն զանգել, մեքենաներ են ուզել… Մեզ համար կասկած չկա, որ բանակը մասնակցություն է ունեցել նաեւ առավոտյան: Եվ պետք է հաշվի առնել, որ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը հակասում է Սահմանադրությանը` բանակի առումով, եւ այդտեղ էլ Քոչարյան Ռոբերտը պետք է պատասխանի, թե ինչի համար է նա այդ գործողությունները իրականացրել»:

Անդրանիկ Քոչարյանը շարունակեց. - «Եթե նայում ենք այդ հրամանագրի շրջանակներում, բնականաբար, նաեւ ի հայտ են գալիս այլ պատասխանատուներ` Տիգրան Թորոսյան, Վարդան Օսկանյան, Արմեն Գեւորգյան, որը այդ օրը զբաղված է եղել տարբեր դեսպանությունների հետ բանակցություններ վարելով»:

Փաստահավաք խմբի նախկին անդամի համոզմամբ, բացահայտումներ իրականացնելու ճանապարհին շատ կարեւոր է, որպեսզի զոհերի մահվան հանգամանքները լիարժեք ձեւով ներկայացվեն հանրությանը: Նա ընդգծեց, որ նախաքննական մարմինը կարող է օգտվել Փաստահավաք խմբի ներկայացրած 5 զեկույցներից:

Հարցին, թե կան արդյոք նյութեր, որոնք ընդդիմությունը պատրաստ է տրամադրել քննչական խմբին, Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց, թե երբ վստահություն լինի, շատ մարդիկ կգտնվեն, որ կցանկանան աջակցել գործի բացահայտմանը:

«Հիմա թող պատկան մարմինները սկզբից ձեռք բերեն այդ վստահությունը, որովհետեւ շատերին, որոնք ուզում էին ինչ-որ բան ժամանակին ասել Մարտի 1-ի հետ կապված, նրանք գնում էին որպես վկա, մեկ էլ կարող է հայտնվեին որպես մեղադրյալ… Սկզբից պետք է վստահություն ձեռք բերեն… Ինֆորմացիայի պակաս կա, իրենք հիմա էլ չունեն, եւ ապագայում էլ չեն ունենա: Թող գործեն օրենքի դաշտում` ամեն ինչ կգա իր տեղը», - եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը:

Ի դեպ, Հատուկ քննչական ծառայություն այսoր հայտարարություն է տարածել, որտեղ ակնկալում է հասարակության աջակցությունը, եւ կրկին խնդրում է բոլոր նրանց, ովքեր կարող են տեղեկատվություն տրամադրել 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների դեպքերի, հատկապես տասն անձանց մահվան հանգամանքների բացահայտման վերաբերյալ, դիմել Հատուկ քննչական ծառայության քննչական խմբին:

«Ծառայությունը պատրաստ է ընդունել այդ մարդկանց, լսել նրանց, եւ դրա համար նույնիսկ շնորհակալ կլինի: Ավելին` ծառայությունը կապահովի այդ անձանց նաեւ գաղտնիությունը, կկիրառվեն, անհրաժեշտության դեպքում, պաշտպանության միջոցներ` նրանց անձի, հարազատների, մերձավորների համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:
please wait

No media source currently available

0:00 0:06:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG