Մատչելիության հղումներ

Հայաստանում թանկացել է դիզելային վառելիքը


Երեւանի բենզալցակայաններում թանկացել է դիզելային վառելիքը: Մեկ լիտր դիզվառելիքը վաճառվում է 430 դրամով` նույնքան, որքան միջին որակի բենզինը, իսկ Եվրոպայից ներմուծված բարձրակարգ դիզվառելիքը ավելի թանկ է` 1 լիտրը 450 դրամ:

Հերթական թանկացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ թափ են առնում գյուղատնտեսական աշխատանքները, եւ վառելիքի այս տեսակի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճում է: Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում անընդհատ հայտարարում են գոնե այս տարի գյուղատնտեսությանը ամեն կերպ աջակցելու եւ գյուղացու կողքին լինելու մասին: Հայաստան վառելիք ներմուծող ընկերություններն էլ վստահեցնում են, որ թանկացման պատճառը միմիայն միջազգային շուկայի միտումներն են:

«Միկա» կոնցեռնի մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե իրենց գնագոյացումը կախված է միջազգային շուկայից:

«Ինչպես գնում, այնպես էլ վաճառում ենք, մենք կոմերցիոն կառույց ենք: Ինչ վերաբերում է պետությանը, որը խոսում է գյուղացիությանը աջակցելու մասին, ապա կառավարությունն ունի սոցիալական ծրագրեր, որոնք էլ իրականացնում է, դա շուկայական հարաբերություններ չեն: Իսկ «Միկա»-ն վերջինն է բարձրացնում շուկայում գները», - ասաց Ավետիսովան:

«Ֆլեշ» ընկերության փոխնախագահ Մուշեղ Էլչյանը նշեց, թե նախօրեին, օրինակ, վառելիքի գները միջազգային շուկայում որոշակիորեն նվազել են, այդուհանդերձ, վառելիքի վերջին խմբաքանակները ընկերությունը ավելի բարձ գներով է ձեռք բերել, ուստի առաջիկայում հայաստանցիներին նոր թանկացում է սպասում:

Վառելիքի շուկայում այս երկու ընկերությունները գերիշխող դիրք ունեն: Նրանց գործունեությանը հետեւում է Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովը: Հանձնաժողովի փոխնախագահ Պավել Ղալթաղչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը առայժմ վարույթ սկսելու հիմքեր չունի:

Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը ասում է, որ ամեն տարի գարնանացանին կրկնվում է նույն վիճակը, գյուղացին տուժում է վառելիքի գների շեշտակի աճից, մինչդեռ քաղաքակիրթ երկրներում ֆերմերներին վաղուց արդեն ազատում են վառելիքի համար վճարվող ավելացված արժեքի հարկից կամ ակցիզից: Նա առաջարկում է սա կիրառել նաեւ Հայաստանում:

«Իրոք լավ խթան կլինի գարնանացանի, աշնանացանի, ընդհանրապես գյուղատնտեսական սեզոնի համար», - ասաց Բերբերյանը` հավելելով, թե այս օժանդակությունը արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե, թունաքիմիկատների բաժանման ձախողված փորձը նկատի ունենալով, կառավարությունը այս անգամ սուբսիդավորում իրականացնի անմիջապես համայնքների ու կոոպերատիվների, այլ ոչ թե մարզպետարանների միջոցով:

please wait

No media source currently available

0:00 0:04:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG