Մատչելիության հղումներ

Սամսոն Խաչատրյանն ազատ արձակվեց


Սամսոն Խաչատրյանը դատարանի դահլիճում: 19-ը ապրիլի, 2011թ.
Սամսոն Խաչատրյանը դատարանի դահլիճում: 19-ը ապրիլի, 2011թ.

Երեքշաբթի օրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից ազատ արձակվեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանը:

Դատարանը Խաչատրյանին մեղավոր ճանաչեց իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ վճռեց նրան դատապարտել 1 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառելով եվ սահմանելով մեկ տարվա փորձաշրջան ` ազատ արձակեց հայտնի բռնցքամարտիկին:

Դատավորի որոշումն արժանացավ դահլիճում հավաքվածների բուռն ծափահարություններին ու բացականչություններին, ինչին ի պատասխան Խաչատրյանը ասաց. - «Ազատության համար պայքարող մարդ եմ: Ես ձեր ցավը տանեմ»:

Այնուհետեւ նախկին բռնցքամարտիկի համախոհները նրան բարձրացրեցին իրենց ուսերի վրա եւ ծափերի ու բացականչությունների ուղեկցությամբ հանդիսավորությամբ դուրս բերեցին դատարանի շենքից, որտեղ նրան տասնյակ ցուցարարներին դիմավորեցին վանկարկումներով ու պաստառներով:

Սամսոն Խաչատրյանի դատավարությունը, փաստորեն, տեւեց ընդամենը 6 ժամ` մեկնարկեց կեսօրին, իսկ երեկոյան ժամը 6-ին նա արդեն ազատության մեջ էր:

Դատավարության մեկնարկին ընդդիմադիր ակտիվիստը հայտարարեց, որ արդար դատաքննություն է պահանջում, որ ինքը ոչինչ չի արել. - «Կա'մ պիտի ազատ արձակվեմ, կա'մ գնդակահարման հոդվածով թող ինձ դատեն»:

Չորս ամիս առաջ սրտի վիրակատության ենթարկված նախկին բռնցքամարտիկը նաեւ նշեց, թե չի ուզում, որ իր առողջական վիճակի վատացումը առիթ լինի ազատ արձակման համար. - «Ես առողջական ոչ մի պրոբլեմ չունեմ… ինձ ազատել կամ ներել հիվանդության համար` տենց բան չկա: Հիվանդ էլ լինեմ, պետք չի հիվանդության համար ասեն՝ դուրս արի: Ես ճիշտ եմ եղել»:

Սամսոն Խաչատրյանի գործով տուժող ճանաչված ոստիկանները:
Խաչատրյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր ընդդիմության այս տարվա մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Մեղադրող կողմը, ինչպես նաեւ որպես տուժող ճանաչված բարձրաստիճան ոստիկաններ Միհրան Քեշիշյանը, Կարեն Սարգսյանն ու որպես վկա դատարանում այսօր ցուցմունք տված ոստիկանները պնդում էին, թե այդ օրը Խաչատրյանը Քեշիշյանին ու Սարգսյանին հարվածել է, ինչի հետեւանքով նրանք վնասվածքներ են ստացել:

Տուժողների խոսքով` ցուցարարները փակել էին Կորյունի փողոցի երթեւեկելի հատվածը, եւ իրենք պահանջել են, որ ցուցարարները բարձրանան դեպի Մատենադարան, սակայն վերջիններս, այդ թվում` Սամսոն Խաչատրյանը «ագրեսիվ տրամադրված են եղել», չեն ենթարկվել օրինական պահանջներին, սկսվել է հրմշտոց եւ Խաչատրյանը իրենց հարվածել է: Տուժողները նաեւ պնդում էին, որ թեեւ քաղաքացիական հագուստով են եղել, բայց ցույց են տվել վկայականները, որեւէ անվայելուչ խոսք չեն ասել, որեւէ մեկի նկատմամբ բռնություն չեն գործադրել:

Նախկին բռնցքամարտիկը, սակայն, հակադարձեց, թե որեւէ մեկը իրեն «գրքույկ ցույց չի տվել», ինքը միայն հայհոյանք է լսել, եվ երբ տեսել է, թե ինչպես են ինչ որ անձինք կանանց հրմշտում ու խփում՝ «ներվերը չեն դիմացել»:

Խաչատրյանը, ի դեպ, դատարանում հրաժարվեց ցուցմունք տալուց. դիտողությունները տեղից ռեպլիկի կարգով էր արտահայտում: «Կգնամ կնստեմ՝ ցուցմունք չեմ տա»,- հայտարարեց նա: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում էլ հիմնավորեց, թե ինքը «մարզիկ է, ոչ թե ցուցմունք տվող»:

«Ես իմ հայ ազգի համար միշտ էլ գնացել եմ, կանգնել եմ, էսօր հայ ազգի դեմ ցուցմունք տա՞մ… մեծ մարդ եմ, ինձ չի սազում: Ի՞նչ ցուցմունք տամ, բոլորդ էլ տեսնում եք ամեն ինչ... ես մեղավոր չեմ, դա կարող եմ հաստատ ասել», - ասաց նա:

Թեեւ մեղադրող Արմեն Աֆանդյանը այսօր պահանջեց նախկին բռնցքամարտիկին դատապարտել 2 տարվա ազատազրկման, դատարանը, սակայն, նրան մեղավոր ճանաչելով հանդերձ, պայմանական ազատ արձակեց:

Սամսոն Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանը, ով դատարանում պնդում էր, որ որեւէ կերպ չի ապացուցվել Խաչատրյանի հանցանքը եվ արդարացման վճիռ էր պահանջում, դատական նիստից հետո ասաց, որ բողոքարկելու է դատավճիռը:

Սամսոն Խաչատրյանը դատավճռի հրապարակումից հետո հայտարարեց, որ մասնակցելու է ընդդիմության առաջիկա հանրահավաքներին եւ որեւէ կերպ չի հանդուրժելու ապօրինությունները:

«Աստված չանի աչքիս առաջ նման բան կրկնվի, նույն ձեւով կվարվեմ»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:
please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG