Մատչելիության հղումներ

Բացօթյա առեւտրից զրկվածներին Հանրապետական կուսակցությունում չընդունեցին


Նախկինում փողոցային առեւտրով զբաղվող կինը բողոքում է Հանրապետական կուսակցության գրասենյակի առջեւ, 19 ապրիլ
Նախկինում փողոցային առեւտրով զբաղվող կինը բողոքում է Հանրապետական կուսակցության գրասենյակի առջեւ, 19 ապրիլ
Բացօթյա առեւտրից զրկված մի խումբ մարդկանց երեքշաբթի օրը ոչ ոք չի ընդունել Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում:

Այդ մարդկանց խոսքով` իրենց խոստացել էր ընդունել եւ լսել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որը, սակայն, այնտեղ չէր: Բողոքողներից երկուսը նույնիսկ Հանրապետական կուսակցության անդամներ էին: Նրանք ասում էին, որ իրենց չեն ընդունում, քանի որ գիտեն, թե ինչ հարց պետք է բարձրացնեն:

«Մենք ուրբաթ օրը եղել ենք Ազգային ժողովում, Գալուստ Սահակյանի մոտ, ինքը առաջարկեց, որ երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը մեզ ինչ-որ պատասխան կտա, հիմա մենք եկել ենք, որ իմանանք, թե պատասխանը վերջնականապես ինչ է, այսինքն դրական է լուծվելու, թե` ոչ», - ասաց հավաքվածներից Մաքսիմ Գասպարյանը` հավելելով, թե փողոցում վաճառվող թույլատրելի ապրանքներին օրենսդրական փոփոխությամբ պետք է ավելացվի միրգ եւ բանջարեղեն բառերը:

Մաքսիմ Գասպարյանը ընդունում է, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը գործում է օրենքի սահմաններում: Սակայն հավաքվածներից որոշների համար, մինի շուկաներ (դա Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի առաջարկն է) տեղափոխվելը ընդունելի չէ:

«Ես մի երկու հատ կանաչիով չեմ կարող գնալ շուկա, ես վաճառք չեմ կարողանա կատարել, որովհետեւ օգնող չունեմ մեծ ապրանքներ բերելու համար: Մի քանի հատ կանաչիներ եմ բերում, դրանով յոլա ենք գնում: Եթե օգնող ունենայի, արկղերով բերեի, հնարավոր է մտնեի շուկա, բայց ես ի վիճակի չեմ», - ասաց նախկինում բացօթյա առեւտրով զբաղվող կանանցից մեկը:

Հավաքվածները որոշեցին, որ եթե իրենց հարցին լուծում չտրվի, ապա ապրիլի 24-ից նստացույց կանեն նախագահի նստավայրի դիմաց:

Իսկ Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե հարցի շուրջ բանակցել է քաղաքապետարանի հետ:

«Հանգել ենք նրան, որ քաղաքապետարանը բացօթյա շուկաներ է քաղաքում հիմնադրում, արդեն 3 նման շուկաներ հիմնադրել է: Նրանք ովքեր սոցիալապես անապահով են, կարող են առանց վարձավճարի, ժամանակավորապես օգտվել այդ շուկաներից եւ իրացնել իրենց բանջարեղենը», - ասաց Գալուստ Սահակյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG