Երեկ ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների ամենամյա զեկույցը, որն արտացոլում է 2010 թվականի իրավիճակը։
Ներկայացնելով զեկույցը, պետական քարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, որ Միացյալ Նահանգները միշտ աջակցելու է դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների համար պայքարողներին, անկախ նրանց բնակության վայրից։
«Մենք կանգնելու ենք նրանց կողքին, ովքեր կիրառում են իրենց հիմնարար ազատությունները` խոսքի եւ հավաքների իրավունքը, ովքեր խաղաղ եղանակով են դա անում` անձամբ, կամ տպագիր, կամ ինտերնետի միջոցով»,- ասել է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Մարդու իրավունքների 2010-ը թվականի զեկույցի Հայաստանին վերաբերող ավելի քան 60 էջանոց բաժնում պետական դեպարտամենտը նշում է, որ ընտրությունների անցկացման` այդ թվում 2010-ի հունվարին խորհրդարանի թափուր տեղի համար քվեարկության ընթացքում, կրկնվող էական խախտումները սահմանափակել են խաղաղ ճանապարհով իրենց իշխանությունը փոխելու` քաղաքացիների իրավունքը:
«Քաղաքացիական ղեկավարման ներքո գործող ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ շարունակել են անպատիժ ոտնահարել մարդկանց իրավունքները», - ասված է զեկույցում:
«Տարվա ընթացքում բանակում ոչ մարտական պայմաններում գրանցվել են մահացության կասկածելի դեպքեր, շարունակվել է սպաների եւ շարքայինների կողմից ենթականերին եւ զինակիցներին անպատիժ հալածելու եւ նվաստացնելու գործելակերպը»:
«Ոստիկանները ձերբակալությունների եւ հարցաքննությունների ընթացքում ծեծի են ենթարկել քաղաքացիներին։ Իշխանությունները շարունակել են առանց արժանահավատ հիմնավորումների ձերբակալել քրեական հանցանքների մեջ կասկածվողներին եւ կալանքի տակ առնել ընդդիմության հետ առնչություն ունեցող կամ քաղաքական ակտիվություն դրսեւորողներին»։
«Դատական իշխանությունը մնում է գործադիր իշխանության քաղաքական ճնշման տակ, դատավորները գործում են համապատասխան դատական այնպիսի մշակույթի, ըստ որի, գրեթե բոլոր դեպքերում ամբաստանյալը մեղավոր է ճանաչվում»։
Պետդեպարտամենտի զեկույցն արձանագրում է. - «2010-ին իշխանություններն ազատ են արձակել 2008-ի նախագահական ընտրությունների եւ ետընտրական իրադարձությունների գործերով դատական ընթացակարգի խախտումներով եւ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով դատապարտված 4 քաղաքացու։ Այդ գործերով ազատազրկված եւս երկու քաղաքացի ազատ է արձակվել պատիժը մինչեւ վերջ կրելուց հետո։ Դատապարտյալների մի խումբ էլ շարունակում է մնալ բանտերում»։
Զեկույցում կա անդրադարձ մամուլին. - «ԶԼՄ-ներից հատկապես հեռուստատեսության աշխատանքում է նկատվում բազմակարծության եւ անաչառ լուսաբանման սկզբունքների բացակայությունը»։
«Տարվա ընթացքում արձանագրվել են լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու, ահաբեկելու, մամուլը գրաքննելու դեպքեր, բացի այդ, առկա է ինքնագրաքննության միտումը»։
Անդրադառնալով հավաքների ազատությանը` զեկույցը փաստում է. - «Իշխանությունները շարունակել են մերժել որոշակի տեղերում հավաքներ անցկացնելու ընդդիմության դիմումները, երբեմն առաջարկելով այընտրանքային վայրեր, երբեմն էլ արգելելով քաղաքացիներին մասնակցել հավաքին»։
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի գնահատմամբ, Հայաստանի իշխանություններն ու օրենքները սահմանափակել են կրոնի ազատությունը։
«Խնդիր է մնում կոռուպցիան, իշխանությունները սահմանափակ ջանքեր են գործադրում այն զսպելու համար»։
«Տարածված են ընտանիքներում գործադրվող բռնությունները, որոնց մեծ մասի վերաբերյալ Հայաստանում հաղորդումներ չեն տրվում եւ գործեր չեն հարուցվում»։
Հիշատակվում է, որ թրաֆիքինգը շարունակում է խնդիր մնալ, սակայն զեկույցում նշվում է, որ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում այդ երեւույթի դեմ պայքարին։
Ըստ զեկույցի, Հայաստանի կառավարությունը կամ պետության գործակալները քաղաքական սպանություններ չեն կատարել, սակայն 4 ոստիկան պատասխանատվության է կանչվել կասկածյալին բռնության միջոցով ինքնասպանության հասցնելու համար։
Խոսքը Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում Վահան Խալաֆյանի մահվան դեպքի մասին է, որը սկզբում ներկայացվել է իբրեւ ինքնասպանություն, սակայն հետագայում հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ ոստիկանության սպան խոստովանություն կորզելու նպատակով Խալաֆյանին կտտանքների է ենթարկել։
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրապարակավ ներողություն է խնդրել Խալաֆյանին բռնույթունների ենթարկելու վերաբերյալ իր նախնական ժխտողական մեկնաբանությունների համար։
Սպա Աշոտ Հարությունյանը ձերբակալվել է, կանգնել է դատարանի առաջ եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման։
Բանակում տարվա ընթացքում տեղի ունեցած միջադեպերի թվում կա անդրադարձ հուլիսի 27-ին Տավուշի մարզում սպա Արտակ Նազարյանի մահվան դեպքին։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն, սպան ինքնասպանություն է գործել հալածանքների ենթարկվելու արդյունքում։
Արտակ Նազարյանի ազգականների համոզմամբ, նրան կամ պարտադրել են ինքնասպանություն գործել, կամ սպանել են։
«2010-ը թվականին Հայաստանի բանակում ոչ մարտական պայմաններում սպանվել է 54 զինծառայող, որոնցից 11-ը թշնամու կրակից է զոհվել,
13-ը սպանվել է, 8-ը մահացել է հիվանդություններից, 6-ը զոհվել է ավտովթարներից, 5-ը պատահական է սպանվել, 4-ը զոհվել է զենքի հետ անզգույշ վարվելուց, 3-ը անձնասպան է եղել, 3-ին հասցրել են ինքնասպանության եւ 1-ը ֆիզիկական բռնության զոհ է դարձել», - նշված է զեկույցում:
«Որեւէ զարգացում չի գրանցվել 2008 թվականի ետընտրական բախումների ընթացքում 8 քաղաքացիների եւ 2 զինծառայողների մահվան հանգամանքների քննության խնդրում»։
ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի մարդու իրավունքների ամենամյա զեկույցում ասվում է, որ կտտանքները, դաժան եւ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը Հայաստանում օրենքով արգելվում են, սակայն իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդում են այն մասին, որ ուժայինները պարբերաբար կիրառում են այդ գործելակերպը։
Զեկույցում ասվում է, որ 2010-ի հունվարի 19-ին «Հայկական Ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Նշվում է, որ ըստ մեծ թվով մեկնաբանների, այդ դատավարության հիմքում եղել են քաղաքական դրդապատճառներ: