Մատչելիության հղումներ

ՏՄՊՊՀ-ն Լուսակերտի թռչնաֆաբրիկային մեղադրեց ձվի դեֆիցիտի համար


Ձվի դատարկ արկեղր երեւանյան շուկաներից մեկում անցած տարեվերջին ստեղծված ձվի դեֆիցիտ ժամանակ
Ձվի դատարկ արկեղր երեւանյան շուկաներից մեկում անցած տարեվերջին ստեղծված ձվի դեֆիցիտ ժամանակ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անցած Ամանորի նախօրյակին ձվի դեֆիցիտի եւ գների կտրուկ աճի պատճառը «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» կողմից գերիշխող դիրքի չարաշահումն է եղել:

Չորեքշաբթի օրը ՏՄՊՊՀ-ն ամիսներ տեւած լայնածավալ ուսումնասիրության արդյունքում որոշեց տուգանել ընկերությանը 2009 թվականի հասույթի 2 տոկոսի չափով` 100 միլիոն դրամով (մոտ 270 հազար դոլար):

ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանը, հանձնաժողովի նիստում դիմելով թռչնաբուծական ֆաբրիկայի ներկայացուցչին, ասաց. - «Անօրինական, ստվերային ճանապարհով այդ ձվերի մի զգալի քանակությունը իրացրել եք, իրացրել եք անհայտ գնորդների եւ անհայտ ուղղությամբ, որպեսզի կարողանայիք շուկաներում ձեր ուզած գնով վաճառել, դա է եղել միտումը: Մենք ձեզ մեղադրում ենք դեֆիցիտ ստեղծելու համար: Երեւի ուշադրություն չէիք դարձրել, որ գերիշխող դիրքի չարաշահում է համարվում նաեւ դեֆիցիտի ստեղծումը, ոչ միայն գնային չարաշահումները: Ձեզ փաստորեն թվացել է, թե կարող են մեղադրել միայն գնային չարաշահումների համար, եւ դուք փորձել եք մշտապես գները ֆիքսած պահել եւ բոլորին հայտարարել, որ ձեր ընկերության կողմից գները չեն փոխվել, մինչդեռ 2-3-4 անգամ ավելի թանկ ձու է շուկաներում վաճառվել»:

Գերիշխող դիրքը չարաշահելու համար Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկան 2006 թվականին տուգանվել էր 40 միլիոն դրամի չափով: Ինչն վերաբերում է այս տուգանքը վճարելուն, ապա հանձնաժողովի նախագահը հետեւյալը ասաց. - «Մենք հասկանում ենք հարցի լրջությունը, կարեւորությունը, հասկանում ենք նաեւ, որ կլինեն շահարկումներ, բայց իրականում սպառողներին մեծ վնաս է հասցվել: Մենք մանրամասն ուսումնասիրել ենք եւ բավականին շատ փաստական հանգամանքներ եւ ապացույցներ ունենք»:

Հանձնաժողովի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անցած տարվա դեկտեմբերի 27-ին ընկերության պահեստներում պահեստավորված է եղել ավելի քան 760 հազար հատ ձու: Դեկտեմբերի 23-27-ը ընկած ժամանակահատվածում, երբ խանութներում ձու չի եղել, արտադրողների մոտ ձվի միջին օրական մնացորդը կազմել է շուրջ 4.5 միլիոն հատ, որի 83 տոկոսը բաժին է ընկել հենց «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկային»: Դեկտեմբերի վերջին օրերին այս ընկերությունն իր արտադրանքի մի մասը խանութներ չի առաքել, այսինքն չի իրացրել արտադրած ձվի ամբողջ քանակը, ինչն էլ նպաստել է դեֆիցիտի առաջացմանը:

«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանը հերքեց ներկայացված մեղադրանքները:

«Դեֆիցիտ ստեղծելու համար մարդը պետք է ունենա միտում», - ասաց Եփրեմյանը` հավելելով, թե դեֆիցիտ ստեղծելու նպատակը շահույթ ստանալն է. - «Պետք է ապացուցեն` այդ հիմնարկը այդ շահույթը ստացավ, թե` ոչ: Մեր շրջանառությունը հիմնավորվում է ապրանքատեսակով: Մեր ապրանքատեսակը մակնշված է»:

Եփրեմյանի գնահատմամբ` հանձնաժողովը առաջնորդվել է «տեսական դիտարկումներով եւ դիտանցումներով»

«Տեսական դիտարկումներով եւ դիտանցումներով վարչական վարույթ չեն կատարում եւ նման քվեարկություններ չեն ընդունում: Չէ՞ որ հնարավոր է 3-4 աստիճան սպեկուլյացիա, հնարավոր է` վաճառում են խանութին, խանութից գնում, տանում են երկրորդ, երրորդ ձեռքով վաճառում են», - ասաց Եփրեմյանը:

Նա չբացառեց, որ Զատիկի տոնին կրկին ձվի դեֆիցիտ լինի, քանի որ այդ օրերին ավելանում է պահանջարկը: Ըստ նրա` երկրորդային եւ երրորդային շուկաներում դեֆիցիտի արդյունքում տեղի կունենա ձվի գնի նոր բարձրացում:

«Թող ՏՄՊՊՀ-ն նորից սեւ կատու ման գա մութ սենյակում, որովհետեւ ձվի իրական գինը ոչ թե 50-60 դրամ կլինի, այլ 80-90 դրամ», - ասաց նա:

Արտակ Շաբոյանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, հայտարարեց, որ Զատիկի նախաշեմին ձվի շուկայում դեֆիցիտ ստեղծողները խստորեն կպատժվեն:

«Կլինեն չարաշահումներ, նորից կպատժենք, հաջորդ անգամ ավելի շատ ենք պատժելու, կպատժենք այնքան, մինչեւ մեր տնտեսվարողները խելքի գան», - հայտարարեց նա:

please wait

No media source currently available

0:00 0:04:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG