Մատչելիության հղումներ

Երեւանը պատրաստվում է Հայաստան – Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը


Հայաստանի հավաքականը նախավարժանք է անցկացնում Հանրապետական մարզադաշտում, 24-ը մարտի, 2011թ.
Հայաստանի հավաքականը նախավարժանք է անցկացնում Հանրապետական մարզադաշտում, 24-ը մարտի, 2011թ.
Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշներով, «Ֆուտբոլ-բարեկամություն», «Ֆուտբոլ-խաղաղություն» կարգախոսներով մեծ պաստառներ են տեղադրված Երեւանի կենտրոնում:

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նախատեսվում է էկրան տեղադրել, որտեղից հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա հետեւել շաբաթ օրը` մարտի 26-ին «Եվրո-2012» առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Երեւանում կայանալիք Հայաստան - Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը:

Բուն հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, որտեղ այսօր նախապատրաստական աշխատանքներ են տարվում. թարմացվում է խոտածածկը, տրիբունաները` մաքրվում:

Երեկ երեկոյան այստեղ հիմնական մարզումն անցկացրեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ու մինչ ֆուտբոլիստները մարզվում էին, տրիբունաներում «նախավարժանք» էին անում մեր հավաքականի մոլի երկրպագուները` Հայկական առաջին ճակատ ֆան ակումբի անդամները:

«Մեր ամենամեծ պարգեւը կլինի 3 միավորը», - այսօր հրավիրած ասուլիսում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` ասաց Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը: «Այս պահին բոլորը կազմ ու պատրաստ են, ոչ մեկը վնասվածքներ չունի: Նույնը կարող եմ ասել նաեւ հոգեբանական առումով», - հավելեց մարզիչը:

Տասնհինգ հազար հանդիսատեսի համար նախատեսված Հանրապետական մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու, տոմսերը սպառվել են դեռեւս 10 օր առաջ:

Տոմսերի 10 տոկոսը, սահմանված կարգի համաձայն, տրամադրվել են ռուս երկրպագուներին, տրիբունայի նրանց հատվածը առանձնացված է, այնտեղ լրացուցիչ ճաղեր են տրամադրվել:

«Ոչ սթափ վիճակում գտնվող ոչ մի երկրպագու մարզադաշտ չի մտնելու: Շատ խիստ, մի քանի շարքերով ֆիլտրվելու է ֆուտբոլասերների մուտքը», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, ով մարզադաշտում, խաղին ընդառաջ, վերջին հրահանգներն էր տալիս ոստիկաններին:

Այսօր չարտերային չվերթով Երեւան է ժամանել Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը: Ռուս ֆուտբոլիստներին դիմավորեցին լրագրողները եւ մի քանի ռուս ֆուտբոլասերներ: Վերջիններս խիստ զարմացել են` լսելով, որ ոստիկանությունը պատրաստվում է խաղի մեկնարկից առաջ հայ եւ ռուս երկրպագուներին ալկոթեսթերով ստուգել:

«Այդ դեպքում ոչ մի ռուս երկրպագու չի լինի մարզադաշտում, հայերի կեսն էլ չի լինի», - ասաց նրանցից մեկը` հավելելով, թե փոքր չափաբաժնով ալկոհոլ, այնուամենայնիվ, կընդունեն խաղից առաջ:

«Բայց ազնիվ ու գեղեցիկ կերպով կերկրպագենք, երգեր կերգենք…», - ասաց ռուս երկրպագուն:

Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիք Ադվոկատը ժամանումից հետո կայացած մամլո ասուլիսում ասաց, որ վաղը «շատ բաց խաղ» է լինելու, քանի որ երկու թիմերն էլ սիրում են գրոհել, իսկ Հայաստանի հավաքականը մարտական ոգի ունի:

Հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանին կգոհացնի ոչ-ոքի արդյունքը, Ադվոկատը պատասխանեց, թե չի սիրում «եթե»-ներով խոսել:

«Վաղը` խաղից հետո ես կարող եմ պատասխանել այդ հարցին», - ասաց Ռուսաստանի հավաքականի մարզիչը` ընդգծելով, թե ինքը գոհ կլինի, եթե հաղթեն 2-1 հաշվով:

Ասուլիսից հետո Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները խաղից առաջ իրենց առաջին մարզումները անցկացրեցին Հանրապետական մարզադաշտում:

please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG