Կալանավորվելուց մոտ 20 օր անց բանտում մահացել է վերջին ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը: Տեղեկությունը «Ազատությանը» հաստատել է Քրեակատարողական հիմնարկների խոսնակ Նոնա Նավիկյանը:
«Այսօր ժամը 07։55-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված անձի համար կանչվել է շտապօգնություն ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Ժամը 08։30-ի սահմաններում շտապօգնության անձանակազմի կողմից արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը»,- հայտնել են Քրեակատարողական հիմնարկների լրատվականից՝ պնդելով, որ բանտում Արսեն Գևորգյանն «առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել»:
Քրեակատարողական հիմնարկը չի նշում Գևորգյանի մահվան պատճառը: Մտերիմների փոխանցմամբ՝ նա մահացել է ինֆարկտից, իսկ նախկինում առողջական խնդիրներից չի բողոքել:
46-ամյա Գևորգյանը կալանավորվել էր ընտրություններից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, թե թեկնածուն և նրա թիմակիցները ընտրակաշառք են բաժանել տասնյակ ընտրողների, իսկ ևս 30-ի համար ցուցակներն ու գումարը «ծրարված-պատրաստ» էին: Գևորգյանը մեղադրանքը չէր ընդունում:
«Ուժեղ Հայաստանը», որ հոկտեմբերի 25-ի ընտրություններում 19 համայնքներից միայն Ստեփանավանում էր մասնակցում, այնտեղ մոտ 20 տոկոս ձայն էր ստացել՝ զբաղեցնելով երրորդ տեղը: Ամենաշատ ձայները ստացել էր «Գործարար» կուսակցությունը, նրան հետևում էր «Քաղաքացիական պայմանագիրը»:
Ընդդիմադիր ուժն այսօր կուսակցի մահվան համար մեղադրել է իշխանություններին՝ պնդելով, որ Գևորգյանը կալանավորվել էր «վարկաբեկման արշավի շրջանակներում»:
«Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, որի պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում և կալանավորում են», - հայտարարել է «Ուժեղ Հայաստանը»:
Չորս տարի առաջ դատական նիստի ժամանակ հանկարծամահ էր եղել ընդդիմադիր հայացքներով պրոդյուսեր Արմեն Գևորգյանը: Այս տարի էլ հոգեբուժարանում ինքնասպան էր եղել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պաստառը պոկելու համար ձերբակալված Արմեն Հովհաննիսյանը: Հայաստանյան իրավապաշտպանները պնդում էին, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող տղամարդու արարքը առավելագույնը պետք է գնահատվեր որպես վարչական իրավախախտում և տուգանք նշանակվեր:
Իշխանության ներկայացուցիչներից Գևորգյանի մահվանն անդրադարձել է արդարադատության նախարարը: Սրբուհի Գալյանի ղեկավարած գերատեսչությունը վերահսկում է նաև բանտերը:
Հակադարձելով «Ուժեղ Հայաստանին»՝ Գալյանը, նկատի ունենալով Գևորգյանին մեղսագրված ընտրակաշառքի մեղադրանքն, ասել է. - «Ճշմարտությունն այնպիսին է, որ քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում: Կարծում եմ՝ պետությունը պետք է միշտ պատշաճ արձագանք տա կատարված արարքներին»:
«Ուժեղ Հայաստանի» թիմակիցների շրջանում ձերբակալություններն ու կալանավորումները հատկապես հաճախակի էին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Մինչ ընդդիմադիրները պնդում էին, որ իշխանություններն իրենց հանիրավի են հետապնդում, քննչական մարմինները քարոզարշավի օրերին գրեթե ամեն օր գաղտնալսումներ էր հրապարակում ու պնդում, որ ընդդիմադիր ուժը զբաղված է մարդկանց քվեն գնելով: Նույնը նաև իշխող ուժի ներկայացուցիչներն էին պնդում: