Մատչելիության հղումներ

ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի արանքում. որ ուղին կընտրի Հայաստանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից խոսում է արդեն հաջորդ տարի Եվրամիությանը անդամակցության հայտ ներկայացնելու հնարավորության մասին, մյուս կողմից պնդում, թե պաշտոնական Երևանը ԵԱՏՄ-ից դուրս գալու քաղաքական նախապատրաստությունը չի սկսել:

Երկու հայտարարությունն էլ վարչապետն արեց այսօր՝ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:

«Մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց նաև գիտեք նաև, որ ԵԱՏՄ-ի գործընկերները բարձրացնում են այդ հարցը՝ կողմնորոշվելու և հանրաքվե անցկացնելու: Ես նախկինում ասել եմ, որ հանրաքվեի առարկա գոյություն չունի այս պահին, որպեսզի կարողանանք այն անցկացնել: Որպեսզի մենք Հայաստանի Եվրամիությանը անդամագրվելու հարցով հանրաքվե անցկացնենք, առնվազն պետք է որոշակի ընթացակարգերով անցնենք», - ասաց Հայաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն օրերս Բրյուսելում էր հայտարարել՝ հաջորդ տարի կամ 2028-ին անդամակցության հայտի ներկայացումը կարող է իրատեսական լինել. Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու համար այս քայլը պարտադիր պայման է. այսօր Փաշինյանը վերահաստատեց այդ հայտարարությունը:

«Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով... ինձ համար ակնհայտ է, որ պրոցեսը տանում է դեպի նրան, որ մենք ի վերջո 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք Եվրամիությանը լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով, մանավանդ որ մենք ունենք գործող օրենք», - հավելեց Փաշինյանը՝ նկատի ունենալով Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին անցած տարի ընդունված օրենքը:

Մոսկվան իր այս պահանջն այս տարի ուղեկցեց տնտեսական պատժամիջոցներով. արգելեց հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծումն ու տարանցումը ԵԱՏՄ տարածքով:

Եվրամիության հետ մերձեցմանը ամենակոշտն արձագանքում է պաշտոնական Մոսկվան՝ պարբերաբար զգուշացնելով, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կտրուկ կթանկանա Հայաստան մատակարարվող ռուսական գազը:

Վերջերս ԵԱՏՄ մյուս չորս անդամները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղրզստանն ու Ղազախստանն մի զեկույց էին հրապարակել այդ տնտեսական դաշինքին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին: Դրանում մի շարք մռայլ կանխատեսումներ կային Հայաստանի տնտեսության մասին: Մասնավորապես, նշվում էր, որ միությունից դուրս գալու դեպքում գազը կթանկանա մոտ 70 տոկոսով, Հայաստանից արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, ներկրումը կկրճատվի գրեթե կիսով չափ, ՀՆԱ-ն՝ ավելի քան 15 տոկոսով:

Հաջորդ ամիս կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին պատրաստվում են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել, թեև Երևանը պնդում է, որ անդամ երկրին հեռացնելու մեխանիզմ ԵԱՏՄ-ն չունի:

Վարչապետ Փաշինյանն այսօր ասաց, որ Երևանում համաձայն չեն ԵԱՏՄ զեկույցի գնահատականների հետ:

«Մենք շարունակում ենք աշխատանքը Եվրասիական տնտեսական միության հետ: Զեկույցի եզրակացությունների մի ծանրակշիռ մասի հետ ընդհանրապես համաձայն չենք, և մենք մեր անհամաձայնությունները աշխատանքային կարգով կփոխանցենք մեր գործընկերներին», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Զուգահեռ, Երևանը նաև դիմել է Եվրասիական տնտեսական միությանը Ռուսաստանի կիրառած առևտրային սահմանափակումների հարցով: Այս շաբաթ միջկառավարական խորհուրդն այս հարցը պետք է քննարկեր, սակայն Երևանի նախաձեռնությամբ քննարկումը մեկ շաբաթով հետաձգվել է, թե ինչու՝ գործադիրից չեն հստակեցրել: Այսօր նաև վարչապետն այս հարցին չպատասխանեց:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG