Մատչելիության հղումներ

Ուշիի ողբերգական վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի. բեռնատարի արգելակները չեն գործել

Երեկ երեկոյան Արագածոտնի մարզի Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորաններում, երեք մարդատար ավտոմեքենայի և կցորդով բեռնատարի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել, այսօր հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ վթարի մասին ահազանգը ստացվել է նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին։ Վիրավորները տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Երեկ նախնական տեղեկություններով հաղորդվում էր 8 զոհի մասին, այսօր ՆԳՆ-ն հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 9-ի։

Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը անդրադարձել է ողբերգական վթարին։

«Պարեկային ծառայողների կողմից շատ նախնական գնահատական կա, որ արգելակման հետ կապված խնդիր է եղել», - ասել է նախարարը։

«Ազատության» հարցին՝ ինչո՞ւ չի հաջողվում լուծել ճանապարհային անվտանգության խնդիրը, և արդյոք նախարարությունը վերլուծե՞լ է ծանր վթարների պատճառները, Սարգսյանը պատասխանել է, որ պատասխանատվությունը միայն ՆԳՆ-ինը չէ:

Նրա խոսքով՝ չնայած վերջին շրջանում տեղի ունեցած խոշոր վթարներին, այս տարի ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազում է արձանագրվել:

Նախարարը նշել է, որ վթարների հիմնական պատճառը ճանապարհային անվտանգության կանոնների խախտումներն են, և անհրաժեշտ է փոխել վարորդների վարելու մշակույթը։

«Տեխնիկական զննման թեման մեր ամենախոցելի թեմաներից է», - ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ նախատեսվում է պարտադիր ուսուցում սահմանել վարորդական իրավունք ստանալուց առաջ:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG