Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում, «Ազատությանը» հայտնել է կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը։
Նրա փոխանցմամբ՝ խուզարկություններ են ընթանում նաև Կարապետյանների ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում:
«Ազատությունը» դիմել է Քննչական կոմիտե մանրամասները պարզելու համար, սակայն ՔԿ-ի խոսնակը հրաժարվել է տեղեկություններ փոխանցել՝ նշելով, թե օրվա ընթացքում հաղորդագրություն կտարածեն: Պարզ չէ՝ նոր քրեական վարույթի, թե հին վարույթների շրջանակում են գործողություններն իրականացվում:
ՔԿ-ի խոսնակը սոցցանցում միայն գրել է, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը քննչական գործողություններից հետո լրագրողներին ասել է, թե սա իր տան արդեն չորրորդ խուզարկությունն է, որի ընթացքում համակարգիչներ են առգրավել, բայց քրեական գործից մանրամասներ չի հայտնել:
Փոխարենը ընդդիմադիր գործիչը տեղի ունեցողը կապել է նոր Սահմանադրության շուրջ «Ուժեղ Հայաստանի» կոշտ դիրքորոշման հետ ու պնդել, թե Նիկոլ Փաշինյանն այսպես փորձում է իրենց «համոզել»: Կարապետյանը պնդել է, թե իրենց դիրքորոշում չեն փոխի, եթե նույնիսկ «տասը խուզարկություն էլ անեն ու հարյուրավոր մարդկանց կալանավորեն»: Իշխանություններն առայժմ չեն արձագանքել այս պնդումներին:
Վերջին օրերին հայաստանյան ներքաղաքական քննարկումների գլխավոր թեման նոր Սահմանադրությունն է, որն ընդդիմությունն անվանում է «ալիևյան» և հայտարարում, որ չի աջակցի իշխանությանը՝ խորհրդարանում փաստաթուղթը հանրաքվեի դնելու որոշումն ընդունելու համար: Վերջին ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացած իշխող «Քաղաքացիական պայմանագրին» առնվազն վեց ընդդիմադիրի ձայն է պետք՝ հանրաքվեի որոշումն ընդունելու համար:
Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության համար։ Այս գործն արդեն դատարանում է, գործարարը տնային կալանքի տակ է:
Նարեկ Կարապետյանի նկատմամբ էլ քրեական հետապնդում էր սկսվել՝ հավաքներին մասնակցելու համար մարդկանց հարկադրելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել 1 միլիարդ դրամ գրավը, ինչպես նաև երկրից բացակայելու արգելքը։
Երկուսն էլ պնդում են, որ իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: