Ստեփանավանում հաղթած «Գործարար» կուսակցությունը և «Քաղաքացիական» պայմանագիրը միասին կձևավորեն տեղական իշխանությունը։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հայտնել է, որ «նախապես ձեռք բերված պայմանավորվածության» համաձայն՝ ՔՊ խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ կաջակցի գործող քաղաքապետ, «Գործարար»-ի ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանին:
Արեն Մկրտչյանը չի հստակեցրել, թե ե՞րբ են ձեռք բերել այդ պայմանավորվածությունը՝ ընտրություններից առաջ, երբ ՔՊ-ական Արմեն Գրիգորյանը այլ կուսակցության ցուցակով մասնակցեց կիրակի օրվա տեղական ընտրություններին, թե ընտրություններից հետո:
«Ընդգծեմ, որ չենք պատրաստվում համայնքի ավագանում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն, այլ հանդես ենք գալու որպես միասնական «Քաղաքացիական պայմանագիր»», - գրել է մարզպետը:
Մկրտչյանի խոսքով՝ Արմեն Գրիգորյանն ընտրական տեխնիկական պահանջների պատճառով «ստիպված է եղել» ժամանակավորապես սառեցնել անդամակցությունը ՔՊ-ին, սակայն այն վերականգնելու համար արդեն դիմում է ներկայացրել։
Կիրակի կայացած ընտրություններում Ստեփանավանը միակ համայնքն էր, որտեղ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չէր հաղթել: Այդտեղ ամենաշատ ձայները ստացել էր «Գործարար» կուսակցությունը՝ 42.20 տոկոս, իսկ ՔՊ-ն 34.69 տոկոսով երկրորդ տեղում է։ Նրանց ստացած ձայների հանրագումարը 76.89 տոկոս է։
Ընտրություններին առանձին մասնակցած երկու ուժերը միասին կունենան ավագանու 21 մանդատներից 17-ը՝ ապահովելով մեծամասնություն, իսկ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» 4 տեղ կունենա ավագանիում։
ՔՊ-ի հետ քաղաքական գործարքից մասին հայտարարելուց հետո «Ազատությանը» տված առաջին հարցազրույցում համայնքապետ Արմեն Գրիգորյանն ասաց, թե չի կարծում, որ անազնիվ է վարվել ընտրողների հետ, երբ նախապես չի հայտարարել ՔՊ-ի հետ միավորվելու հնարավորության մասին: Գրիգորյանը պնդեց, թե ընտրողների հետ հանդիպումներում ասել է, որ աշխատելու է իշխանության հետ:
«Ես շատ հասկանալի, շատ պարզ ձևով իմ ընտրողներին ասել եմ, որ իշխանությունների հետ աշխատելու եմ, որովհետև կա իշխանություն, կա կառավարություն, ում հետ համար 1 կարևորություն եմ համարում համագործակցելը հանուն համայնքի, հանուն համայնքի բնակչի: Եվ ինչու չէ, վարչապետի վարած քաղաքականությունը, թե՛ արտաքին, թե՛ ներքին, ինչ շատ է դուր է գալիս, և տեսնում եմ, որ մեր պետությունը առաջ է գնում, ես դրան ընդդիմանալու բացարձակապես ցանկություն չունեմ», - ասաց Ստեփանավանի գործող քաղաքապետը:
Ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե բոլոր 19 համայնքներում հաղթել են ՔՊ-ն կամ իշխանամետ թեկնածուները՝ այդ արդյունքները որակելով «ջախջախիչ հաղթանակ»։ Միաժամանակ նա խոստովանել էր, որ «ամենևին էլ երջանիկ չէ» մի շարք համայնքներում ՔՊ-ի ստացած 70-ից 96 տոկոսանոց արդյունքներով՝ նշելով, որ նման բարձր ցուցանիշներն ավտորիտարիզմի և բռնապետության հետ ասոցիացիաներ են առաջացնում։