Արդյո՞ք հայ սահմանապահներին ու մաքսավորներին են առաջինը հանդիպելու Սյունիքում կառուցվելիք TRIPP-ով անցնող քաղաքացիները. այսօր խորհրդարանում պատասխանելով «Ազատության» այս հարցին՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց՝ «կարող է ընդհանրապես չհանդիպեն»:
«Կարող է գան, նախապես հայտարարագրված էլեկտրոնային եղանակով, ինչ - որ տեխնիկական լուծումներով ID-ն պահեն, սկաներով անցնեն, ու եթե ոչ մի բան չհայտնաբերվի, այդ մարդը գնա իր ճանապարհով: Պատկերացրեք, մեկը ձեզ դիմավորում է, վերցնում է թուղթը կամ թղթի կարիք էլ կարող է չլինի, ասում է համեցեք, անցեք, այն պահին երբ միջամտության կարիք է լինում, տեղի է ունենում Հայաստանի մաքսային և սահմանապահ ծառայությունների կողմից: Եթե կլինի կասկածելի բեռ, կասկածելի իրավիճակ, պարզ է՝ մեր բեք օֆիսում նստած է մեր մաքսավորը, ընդ որում որոշումներն էլ կայացվում են բեք օֆիսում»,- ասաց արտգործնախարը:
Միրզոյանն այսօր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացնում էր Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրը: Հայ - ամերիկյան համաձայնագրի վավերացման հարցը դրական եզրակացություն ստացավ և ներառվեց Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում:
Հայաստանը պարտավորվել է TRIPP-ով անխոչընդոտ անցում տրամադրել Ադրբեջանին դեպի իր էքսկլավ Նախիջևան՝ Հայաստանի համար փոխադարձ առավելություններով: Թե ինչ է նշանակում «փոխադարձ առավելությունը», արդյոք հայաստանցիները Ադրբեջանի տարածքով ճիշտ նույն պայմաններով անցման հնարավորություն կունենան, կողմերի համաձայնություններից ավելի քան մեկ տարի անց էլ պարզ չէ: Այսօր էլ արտգործնախարարը սա «հետաքրքիր հարց» համարեց ու ուղիղ պատասխան չտվեց:
«Այդ հարցը երևի թե դեռ ճշգրտման կարիք ունի, բայց ուզում եմ ասել, որ իմ կանխատեսումն այն է, որ այս թվային լուծումները, որոնց գնում ենք, ասենք՝ չգիտեմ, ID-ներ, նախապես բեռների հայտարարագրում, մեծապես կարող է կիրառվել նաև այնտեղ։ Այստեղ կա հարցի անցյալից եկող այդ զգայուն բեռը: Բայց այն տեմպերով, որ առաջ ենք գնացել մենք խաղաղության հաստատման, երկկողմ առևտրի, տրանզիտի հարցերում և առաջ ենք գնում նաև հոգեբանական հարցերով, իմ տպավորությամբ գոնե այդ տեմպը այս փաստաթղթից շատ ավելի արագ է զարգանում, և օրինակ մտահոգություններ, որ մենք կամ Ադրբեջանը կարող էինք ունենայինք 2.5 տարի առաջ, այսօր արդեն նույնիսկ մեր հարգելի ընդդիմադիր գործընկերները այդ լրջությամբ չեն բարձրացնում, մեծ սրությամբ չեն բարձրացնում: Պատկերավոր ասած՝ ջերմաստիճանն այս ծրագրի շուրջ իջնում է, հարցերն այդքան սուր հարցերը չեն ընկալվում», - արձագանքեց նախարարը:
Իսկ ինչո՞ւ նաև ՀՀ քաղաքացիների անցումը Ադրբեջանի տարածքով չի համաձայնեցվել. «Սա Հայաստան - Միացյալ Նահանգներ համաձայնագիր է, այստեղ չէր կարող լինել որևէ բան, որը պարտավորություն կհայտներ Ադրբեջանին, բայց որը չի ստորագրում Ադրբեջանը, դա ծաղր է», - ասաց նախարարը:
Ինչ է նշանակում ֆրոնտ օֆիսի անվտանգության ստորաբաժանումը
Խորհրդարանական քննարկման ժամանակ արտգործնախարարը նաև ասել էր, թե մասնավոր ընկերությանը պատվիրակվող TRIPP-ի ֆրոնթ օֆիսը կարող է ունենալ իր առանձին անվտանգային ստորաբաժանումը:
«Իհարկե, ինչպես ցանկացած ընկերություն, հատկապես ենթակառուցվածքային խոշոր ընկերությունները կարող են ունենալ իրենց անվտանգային ստորաբաժանումները, բայց պետք է լիցենզավորված լինեն, արտոնագրված լինեն Հայաստանի Հանրապետությունում, այնպես ինչպես մասնավոր բազմաթիվ ընկերությունների դեպքում այսօր էլ կա», - նշել էր արտգործնախարարը:
Ընդդիմադիրներից «Հայաստան» խմբակցության խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը սա մեկնաբանել էր որպես «ադրբեջանական պահանջի կատարում»՝ հիշեցնելով նախագահ Ալիևի՝ ամիսներ առաջ արած հայտարարությունը, թե ադրբեջանցիները պետք է հայ սահմանապահի երես չտեսնեն TRIPP-ով անցնելիս:
«Որպեսզի ադրբեջանական պահանջը կատարեն, իրենք ասում են, որ շփումը ապահովվելու է ֆրոնթ օֆիսի միջոցով։ Քանի ադրբեջանցիներ չեն ուզում հայ տեսնեն Հայաստանում, դե ուրեմն կտեսնեն երրորդ երկրի ներկայացուցիչ։ Դա մեր ինքնիշխանությունը զիջելու էլի մի պահանջ է։ Պատկերացրե՛ք՝ դուք հանկարծ իջնում եք Բաքվի օդանավակայան և ասում եք՝ գիտե՞ս, այս ադրբեջանցուն չեմ ուզում տեսնել, ինձ բերե՛ք, օրինակ, ֆիլիպինցի», - ասել էր Խաչատրյանը՝ ընդգծելով, որ TRIPP-ով անցման պայմանների շուրջ «հարցականները չափազանց շատ են»:
Քննարկումից հետո պատասխանելով «Ազատության» հարցին, արտգործնախարարն պարզաբանեց, որ անվտանգային ստորաբաժանումը պատասխանատու է լինելու ֆրոնտ օֆիսի ներքին անվտանգության, ոչ թե TRIPP-ով անցնող քաղաքացիներին ստուգելու համար. - «Նախ մենք ֆիքսում ենք իրավունքը, որ ֆրոնտ օֆիսի գործառույթի իրականացման մեջ կարող է ներգրավվել մասնավոր օպերատոր, բայց սա դեռ փաստ չէ: Հետագա ընթացքը ցույց կտա: Իսկ անվտանգության բաժինը՝ ներքին անվտանգության մասին է»:
Բուն քննարկման ժամանակ Միրզոյանը պարբերաբար ընդգծում էր, թե փաստաթղթում ամրագրված է Հայաստանի իրավազորությանը և արտակարգ իրավիճակներում Հայաստանի համապատասխան մարմինների առաջնային իրավունքը. - «Եվ իրավիճակի վերահսկողությունը ևս առանձին և հատուկ ամրագրված է փաստաթղթում։ Եվ նաև անվտանգության պլանները, որը այդ ստորաբաժանումը կունենա՝ էվակուացիա, արտակարգ իրավիճակում ինչ-որ գործողություն և այլն, Հայաստանի Հանրապետությունը ունի: Եվ այստեղ ամրագրված է Հայաստանի Հանրապետության իրավունքը՝ հաստատել այդ պլանները։ Արդեն ասեցի՝ անձնակազմի ներգրավումը ենթակա կլինի մեր արտոնագրման օրենսդրական պահանջներին»:
Արտգործնախարարը նաև վստահեցնում էր, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանությունը և իրավազորությունը. - «Անվտանգություն և իրավապահ գործունեություն, սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն, մաքսային և միգրացիոն քաղաքականություն, հարկերի և տուրքերի փոխանցում պետբյուջե, պետական տեղեկատվական համակարգեր, պետական վարչարարություն և վերահսկողություն... այս բոլորի նկատմամբ, հարգելի՛ գործընկերներ և հարգելի՛ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունը պահպանում էր լիակատար ինքնիշխանությունը և իրավազորությունը»: