Մատչելիության հղումներ

Գնորդին առաջարկվող կառուցապատողների պայմանագրերում նոր սահմանափակումներ կլինեն

Եթե կառուցապատողը պայմանագրում ներառում է գնորդի իրավունքները սահմանափակող կետեր, իսկ բնակարան գնած քաղաքացին ստիպված դա ստորագրում է, նոտարներին արդեն արգելված է վավերացնել այդ պայմանագրերը:

Կառուցապատողը պետք է վիճահարույց կետերը հանի կամ համապատասխանեցնի օրենքին, հակառակ դեպքում գործարքը չի վավերացվի։

Այս պահանջը նոտարներին է փոխանցել Արդարադատության նախարարությունը՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի բարձրացրած մտահոգությունից հետո։

Հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանն ասում է՝ վերջին 1.5 տարում հանձնաժողովը բնակարան գնած քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ է ստացել հենց պայմանագրերում իրենց իրավունքները սահմանափակող կետերի վերաբերյալ։

Այս տարվա հուլիսին փոփոխություններ են արվել նաև «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում։ Այժմ սպառողի հետ կնքվող ցանկացած, այդ թվում՝ բնակարանի գնման պայմանագրում, չի կարելի ներառել անարդար պայմաններ։

Այսինքն՝ եթե որևէ կետ հակասում է բարեխղճության սկզբունքին և նորմալ պայմաններում սպառողը դրան չէր համաձայնի, այդ կետը պայմանագրում չպետք է լինի։ Նախկինում նման պայմանների ցանկն ավելի սահմանափակ էր, իսկ այժմ այն ընդլայնվել է։

«Բոլոր կառուցապատողները, որոնք մեզ մոտ հայտնվել են տարբեր վարույթներում, իրենց հետ փոխանցման ակտ կնքած քաղաքացիներին պարտադրել են դրույթներ, որի շրջանակներում բնականաբար այդ մարդկանց իրավունքները սպառողների պաշտպանության իրավունքների պաշտպանության մասին օրենքով կամ այլ օրենքով երաշխավորված սահմանափակվել է», - ասաց Տիգրան Մարկոսյանը:

Այս երկու փոփոխությունները, սակայն, մտահոգություններ են առաջացրել հատկապես կառուցապատման ոլորտում: Մրցակցության հանձնաժողով քննարկման եկած կառուցապատողների ներկայացուցիչները ու նրանց փաստաբանները պնդում էին՝ հստակ չէ, թե ինչ է իրենցից պահանջում պետությունը: Ասում են՝ նշված կետերը վերացական են, հստակեցման կարիք կա, թե օրինակ՝ ո՞ր կետն է համարվում բարեխղճության սկզբունքին հակասող և այդպես շարունակ:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը հակադարձեց՝ ի՞նչն է անհասկանալի, «ասում ենք, նոտարներ, մի վավերացրեք այն պայմանագրերը, որոնցում կան օրենքին հակասող դրույթներ»:

Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանն էլ իր հերթին բերեց օրինակներ, երբ խախտվել է գնորդի իրավունքը. «Այսօր դեռ հիմքը ո՞նց է, դեռ չփորած ամբողջ գույքը օտարված է, այն էլ ոչ օրինական ճանապարհով: Հիմա նոտարը ո՞նց կնքի, կարո՞ղ է ասել, դուք դժգոհում եք նոտարից, նոտարը չի կնքել, քանի դեռ չկա շինթույլտվություն: Այո, դրա կարգավորումն էլ օրենսդրությունը ունի, կարող է կնքել նախնական նախավճարի պայմանագիր, բայց միայն նոտարի կողմից վավերացված, և երբ որ քաղաքացին ասում է՝ ես ուղղակի ստորագրությունով գումար ձեզ չեմ տա, որն էլ փոխանցվում է ոչ կառուցապատողի հաշվին, այլ գնում է նրա հաշվարկային հաշվին, և ոչ մեկը դրա վաղվա ապահովագրությունը չի տեսնում ու չի իմանում՝ ինչ կլինի»:

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պաշտոնյաներից Նարինե Խալաթյանն ասում է՝ իրենք էլ են դժգոհ նոտարներից. «Քանի որ իրենք իրենց պայմանագրում կետերը համապատասխանեցրել են օրենքին, ապա կառուցապատողները հրաժարվում են այդ նոտարների հետ շարունակել կնքել պայմանագրերը, որոնք տարիներ շարունակ կնքել են, և արդեն փնտրում են այլ նոտարի: Արդարադատության նախարարության խնդիրը հենց այդտեղ է: Օրենքը յուրաքանչյուր նոտարի համար է նույնը»:

Ովքե՞ր են պատասխանատվություն կրելու նախկին խնդրահարույց պայմանագրերի համար

Իսկ արդյոք պատասխանատվության կենթարկվե՞ն այն նոտարները, որոնք այս տարիների ընթացքում վավերացրել են այնպիսի պայմանագրեր, որոնք վատ վիճակի մեջ են դրել կառուցապատողից բնակարան գնած բնակիչներին: «Ազատությունը» վերջին տարիներին բազմաթիվ նման դեպքեր է լուսաբանել:

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանից հստակ պատասխան չստացանք. «Որևէ նման դեպքի պարզման, բացահայտման բարձրացման և մեր առջև ներկայացված դեպքում կան պատասխանատվության տարբեր գործիքակազմեր՝ սկսած կարգապահականից, ընդհուպ նաև, եթե լինի դրա անհրաժեշտությունը, քրեական»:

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանն ասում է՝ իրենք կողմ են, որ ոչ բարեխիղճ կառուցապատողները պատժվեն, և իրենք էլ օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել՝ խաղի կանոնները խստացնելու համար։ Բայց, նրա խոսքով, այս փոփոխություններով բարեխիղճ ու ոչ բարեխիղճ կառուցապատողները հայտնվում են հավասար վիճակում։

Հարցնում է՝ եթե բնակարան գնելու պահին կառուցապատողը գնորդին նախապես տեղեկացնում է, որ, օրինակ, առաջիկա 1-3 տարիներին ինքն է կառավարելու շենքը և գործելու են հստակ կանոններ, գնորդն էլ համաձայնում է այդ պայմանին, ստորագրում պայմանագիրը, արդյոք նոտարը բնակարանը հանձնելու վերջնական փուլում՝ սեփականության փոխանցման ակտը վավերացնելիս, այդ նույն պայմանը կարո՞ղ է համարել օրենքին հակասող և հրաժարվել փաստաթուղթը վավերացնելուց։

Փաստացի պետական մարմինները տեղյակ են եղել, որ մինչ այս խնդրահարույց կետերով պայմանագրեր են կնքվել։ Հիմա, երբ որոշվում է փոխել խաղի կանոնները, բաց է մնում մի հարց՝ ի՞նչ է լինելու արդեն կնքված վիճահարույց պայմանագրերի հետ և արդյոք դրանք վավերացրած նոտարների նկատմամբ որևէ պատասխանատվություն կլինի՞:

Ինչ վերաբերում է կառուցապատողներին, Սպառողների շահերի պաշտպան Բաբկեն Պիպոյանը նկատեց. «Ես չեմ տեսել Հայաստանի Հանրապետությունում մի հատ տնտեսվարող, որին ստուգում են, հայտարարում են խախտում, հետո չի պարզվում, որ սաղ աշխարհը մեղավոր էր այդ խնդրի մեջ բացի իրանից: Միշտ այդպես է, տնտեսվարողը բոլորին մեղավոր է հանում, բայց ինքը երբեք մեղավոր չի լինում»:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG