Մատչելիության հղումներ

Carlsberg-ը գնում է հայկական ու վրացական PepsiCo-երը

Carlsberg-ը գնում է PepsiCo-ի գործարանները Հայաստանում և Վրաստանում

Դանիական Carlsberg ընկերությունը, որ աշխարհի խոշորագույն ալկոհոլային ու ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրողներից է, մտադիր է գնել PepsiCo-ի գործարանները Հայաստանում ու Վրաստանում։ Ավելի վաղ ընկերությունը նման գործարք էր իրականացրել Ադրբեջանում, դառնալով PepsiCo-ի շշալցողը այդ երկրում։

Ընկերության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ նոր պայմանագրով Carlsberg-ը պատասխանատու կլինի Հայաստանում ու Վրաստանում PepsiCo-ի արտադրությանմ շշալցման, վաճառքի համար։ Ընկերությունը վստահություն է հայտնել, որ երկու նոր շուկաների ընդլայնմամբ կստեղծվի «ուժեղ կլաստեր Հարավային Կովկասում», որտեղ օգուտներ կքաղի նաև ադրբեջանական բիզնեսից։

Ո՞ւմ է պատկանում Pepsi-ի հայաստանյան բիզնեսը

PepsiCo-ի վրացական ներկայացուցիչը Iberia Refreshments ընկերությունն է, իսկ Հայաստանում «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի կոլա բոթթլեր Արմենիա» ընկերությունը։ Այս երկու ընկերությունների սեփականատերն էլ Revery Group-ն է, որի խոշոր սեփականատերերից է Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքը։

Revery-ի կայքում որպես ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրեն նշվում է Հայկ Սարգսյանը՝ Արմեն Սարգսյանի որդին։ «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի կոլա բոթթլեր Արմենիա»-ի բաժնետերերի ցանկում է նաև ղազախ խոշոր գործարար Ալմաս Սուլթանգազին, ով Արմեն Սարգսյանի բիզնես գործընկերներից է։ Carlsberg-ի հետ համագործակցությունը նոր չէ Սարգսյանների համար. նրանց պատկանող «Պրեմիեր ֆուդս»-ը Carlsberg գարեջրի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։

Գործարքը դեռ պետք է հաստատվի Հայաստանում

Հայաստանյան ու վրացական Pepsi-ի գործարանների ձեռքբերման պայմանագրերը կնքվել են ու ինչպես Carlsberg-ն է նշել, գործարքը ենթակա է հաստատման Հայաստանի կառավարության կողմից։ Խոսքը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից բաժնետոմսերի փոխանցումը հավանության արժանացնելու մասին է։

Carlsberg Group-ի փոխնախագահ Նիկոս Կալաիցիտակիսը շեշտել է՝ «մտադիր են արագացնել PepsiCo-ի բիզնեսի զարգացումն ու ուսումնասիրել լրացուցիչ հնարավորությունները Հայաստանում ու Վրաստանում»։ PespsiCo-ի՝ հայաստանյան շուկայի հիմնական մրցակիցը Coca-Cola-ն է. ընկերությյունն իր կայքում վստահեցնում է, որ ոչ ալկոհոլային ըմպելիքների ոլորտում ունի 76 տոկոս մասնաբաժին։

«Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի կոլա բոթթլեր Արմենիա»-ի ապրանքանիշերի մեջ բացի Pepsi-ն մտնում են նաև Mirinda, 7Up ըմպելիքները, Max Power էներգետիկ ըմպելիքը։ Այս ընկերությունն է նաև ներմուծում ու վաճառում Lays, Doritos, Chitos չիփսերը։ 2011-ից ընկերությունը ըմպելիքների արտադրության երկու հոսքագիծ ներդրեց։ «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի կոլա բոթթլեր Արմենիա»-ի 2025-ի ֆինանսական հաշվետվությունից տեղեկանում ենք, որ ըմպելիքների գծով հասույթը գերազանցել է 5.8 մլրդ դրամը։

Jyske բանկի վերլուծաբան Հայդեր Անջումը Reuters-ի հետ զրույցում ասել է՝ «ներդրողների համար առանցքայինը ոչ թե բուն երկու շուկաներն են (հայկական և վրացական), այլ PepsiCo-ի ու Carlsberg-ի միջև գնալով խորացող հարաբերությունների ազդանշանը»։

Carlsberg-ը հիմնադրվել է 1847 թվականին։ Թեպետ այն ավելի հայտնի է իր գարեջրի տեսականիով, ընկերությունն ունի նաև զովացուցիչ ըմպելիքների լայն տեսականի ու ներկայացված է աշխարհի 150 շուկաներում։ Carlsberg-ը համարվում աշխարհի խոշորագույն 4 գարեջրագործարաններից մեկը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG