Մատչելիության հղումներ

Ադրբեջանցին, ըստ տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է 3 մատները

Տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը, ով խնդրել է դեմքը ցույց չտալ, զրուցում է «Ազատության» թղթակցի հետ, 2-ը հոկտեմբերի, 2026 թ.
Տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը, ով խնդրել է դեմքը ցույց չտալ, զրուցում է «Ազատության» թղթակցի հետ, 2-ը հոկտեմբերի, 2026 թ.

Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը «Ազատությանը» պատմել է, որ զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները:

Այժմ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում բուժում ստացող 39-ամյա Անի Ավետիսյանը, քրոջ խոսքով, բազմաբեկոր վնասվածքներ ունի՝ ազդրի և ձեռքի շրջանում:

Արփի Ավետիսյանը «Ազատությանը» պատմել է, որ ադրբեջանցուն առաջինը նկատել են կնոջ դպրոցական երկու երեխաները՝ որդին ու դուստրը: Դպրոցից վերադառնալիս հեռախոսով խոսելիս են եղել ծնողների հետ, երբ կոտրված են հայտնաբերել իրենց տան կողպեքը, ապա մտել են հյուրասենյակ ու տեսել այնտեղ ադրբեջանցի զինվոր Նասիմ Մուսաևին, հասցրել են գոռգոռալ ու մորն օգնության կանչել, բայց ադրբեջանցին նրանց ձեռքից խլել է հեռախոսը:

Ըստ Արփի Ավետիսյանի՝ քույրը մեքենայով արագ հասել է տուն և երբ տեսել է, որ ադրբեջանցին զենքն ուղղել է երեխաների ուղղությամբ, ձեռքով փորձել է փակել ինքնաձիգը, ադրբեջանցին կրակել է, ինչի հետևանքով կտրվել են Անիի ձախ ձեռքի երեք մատները:

Ապա, քրոջ խոսքով, զինվորը նորից է լիցքավորել ինքնաձիգը ու այդ ժամանակ ձեռքից և ոտքից վիրավոր Անին դանակով դիմել է ինքնապաշտպանության ու մի քանի հարված հասցրել ադրբեջանցուն: Ապա ադրբեջացին հարվածներ է հասցրել կնոջը, ինչի հետևանքով Անին ուշագնաց է եղել: Հետո արդեն նրա 15-ամյա տղան է սկսել դիմադրել զինվորին: Ու հենց այդ ընթացքում էլ կոտրվել է տղայի դաստակը:

Մինչդեռ Շաքիի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը, ով մասնակցել էր ադրբեջանցու վնասազերծմանը, երեկ «Ազատության» հետ զրույցում շատ ավելի մեղմ գույներով էր նկարագրել տեղի ունեցածը՝ պնդելով, թե համագյուղացի կինը թեթև վնասվածք է ստացել կրունկի հատվածում:

Գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրությունը, ըստ էության, հաստատում է տուժածի քրոջ պատմածը: Երեկ իրավապահ կառույցից հայտնել էին, որ ժամը 14:17-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել երեխայից, ով հայտնել է, որ իրենց տուն մարդ է մտել ու զենքով կրակել մայրիկի ոտքին:

«Դեպքի վայրում պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ: Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն: Այնուհետև, Ադրբեջանի քաղաքացին դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում», - նշված էր հաղորդագրությունում:

Էլ ինչ են պաշտոնապես հաղորդել Երևանն ու Բաքուն

Միջադեպից մեկ օր անց Հայաստանի քննչական կոմիտեն Սյունիք ներթափանցած ադրբեջանցի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց դատարան, դատարանը բավարարեց միջնորդությունը, երիտասարդն արդեն կալանքի տակ է:

Քրեական վարույթն ի սկզբանե հարուցվել էր զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով: Այսօր ավելացավ նաև սահմանը ապօրինի հատելու ու զենքի մաքսանենգության հոդվածը:

Երեկ Շաքիի միջադեպից հետո Ադրբեջանի գլխավող դատախազությունը հայտնեց, որ Մուսաևը Լաչինի զորամասը ինքնակամ լքել է սեպտեմբերի 26-ին, քրեական գործ է հարուցվել այդ փաստով: Պաշտոնական Բաքուն չի բացահայտել, թե ինչու է զինվորը լքել զորամասը, և արդյոք նրա այդ քայլին նախորդել է կոնֆլիկտ կամ ճնշումներ:

Երևանը մինչ այդ հաղորդել էր, որ Բաքուն իրեն զորամասից անհետացած զինվորի հարցով դիմել է սեպտեմբերի 29-ին: Արդյոք Նասիմ Մուսաևը հենց սեպտեմբերի 26-ի՞ն է ներթափանցել Հայաստանի տարածք, այսինքն 5 օր շարունակ այստեղ է գտնվել, հայաստանյան պետական կառույցները մինչ այս պահը չեն հստակեցրել:

Թե ինչո՞ւ չի հաջողվել նախորդող օրերին կանխել զինված ադրբեջանցու մուտքը Հայաստան կամ ավելի շուտ հայտնաբերել, քան նա կհասներ գյուղական բնակավայր, պետական կառույցները չեն հստակեցնում: Հայաստանյան անվտանգային ծառայությունները մինչև այժմ չեն պարզաբանել նաև, թե ինչու առնվազն սեպտեմբերի 29-ից, երբ Բաքուն պաշտոնապես դիմել է Երևանին, տեղի բնակության չեն զգուշացրել ադրբեջանցի զինվորի փախուստի ու Հայաստան ներթափանցելու վտանգի մասին:

«Ազատության» ադրբեջանական ծառայությունը գրում է, որ չի կարողացել մեկնաբանություն ստանալ զինվորի ծնողներից: Այնուամենայնիվ, ադրբեջանական լրատվամիջոցներն ու «Տելեգրամ» ալիքները մի տեսանյութ են տարածում, որտեղ անձինք, ովքեր ներկայանում են որպես Նասիմ Մուսաևի հարազատներ, տագնապով պատմում են, որ զինվորն անհետացել է Լաչինի զորամասից և բողոքում, որ զորամասի ղեկավարությունից ոչ ոք չի ընդունում իրենց, իսկ իրենք չգիտեն՝ տղան ողջ է, թե մահացած:

«Խնդրում ենք, պարոն նախագահ, պարոն պաշտպանության նախարար, օգնեք մեզ», - տեսանյութում ասում է տղամարդկանցից մեկն, ով ենթադրաբար Մուսաևի հայրն է:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG