Վարչապետն այսօր ըստ էության հայտարարեց՝ կառավարությունը փոխել է դիրքորոշումը ատոմակայանի հարցում և այլևս մոդուլային ատոմակայանով հետաքրքրված չէ:
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ չբացառեց, որ ամենատրամաբանական լուծումը լինի 1000 մեգավատանոց ատոմակայանի կառուցումը: Նախօրեին հայկական կողմին նման առաջարկ էր ներկայացրել Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը։
«Նախկինում ես ասել եմ, որ մեզ մոդուլային ատոմակայանից բացի ոչ մի բան պետք չի, սա է եղել մեր դիրքորոշումը, բայց այժմ այս փոփոխության բերումով պետք է հասկանանք, մոդուլայինը ամենայն հավանականությամբ մեզ չի հերիքելու»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝արձագանքելով ռուս պաշտոնյայի հետ հանդիպման մասին հարցին:
Մինչդեռ, ուղիղ մեկ տարի առաջ վարչապետը հայտարարում էր՝ կառավարությունը ռազմավարական որոշում է կայացրել, որ հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային: Այսօր բացատրեց, թե ինչու են մտափոխվել:
«Մոտ մեկուկես տարի առաջ Հայաստանը էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող պետություն էր, և մենք պետք է մտածեինք՝ մեր ավել էներգիան որտեղ սպառենք: Մեկ տարի հետո Հայաստանը դարձել է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող պետություն, որովհետև օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերից հետո ստեղծվել է արհեստական բանականության երկու գործարան, կան հաստատված ներդրումային ծրագրեր և դրանք այն ծավալների են հասնում, որ Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի դեֆիցիտ», - պարզաբանեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի այս պահին առկա ամբողջ ավելցուկը այդ ներդրումային ծրագրերն արդեն սպառում են, հետևաբար կառավարությունը պետք է մտածի՝ ինչ անել:
«Պետք է մտածենք էլեկտրաէներգիայի ներկրման հնարավորությունների, նաև մեր աղբյուրները գեներացնելու մասին: Եվ ասում եմ՝ այլ բան եթե հաշվի չառնենք, միայն արհեստական բանականության գործարանների ծախսն արդեն…իրանք մեզ գրում են գրավոր, ասում են՝ մեզ այսքան էներգիա է պետք, ասեք՝ որտեղից եք տալու: Մենք դժվարություններ ունենք այդ հարցերին պատասխանելու»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պարզաբանումից այդպես էլ անհայտ մնաց, թե ատոմակայանի պես՝ տասնամյակների ռազմավարական նշանակություն ունեցող հարցում կառավարությունը մինչ օրս ի՞նչ հաշվարկներով, ո՞ր ծրագրերի ու ժամկետների վրա էր հիմնվել, որ ընդամենը մեկ տարի անց ստիպված է լինում վերանայել սեփական որոշումը: