Մոտ մեկ ամիս պահանջվեց, որպեսզի նախկին «սուպերնախարար» Գագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը հասնի փաստաբաններին: Ահազանգում էին, որ այդ պատճառով չեն կարողանում դիմել Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու իրենց պաշտպանյալի խափանման միջոցը, որը խոշտանգում են համարում:
Ի՞նչ է կատարվում՝ խոշտանգո՞ւմ է սա, թե՞ բեմադրություն
Նախկին ազդեցիկ պաշտոնյային դատարան են բերում պատգարակով՝ բժիշկների ու ոստիկանների ուղեկցությամբ, նա ամբողջ ընթացքում «ախ» է քաշում ու չի խոսում, բայց վարչապետ Փաշինյանը համոզված է, որ 70-ամյա Խաչատրյանը պարզապես սիմուլյանտ է ու փորձում է թաքնվել արդարադատությունից:
Շաբաթներ առաջ, երբ Խաչատրյանը նոր հարուցված քրեական գործով նորից կալանավորվեց, պարզ դարձավ, որ նրա առողջական վիճակի մասին 2020 թվականից ի վեր առկա են իրարամերժ պետական փորձաքննություններ․ դրանցով փորձ էր արվում պարզել՝ արդյոք նա Գերմանիայում վիրահատվելու կարիք ունի՞:
«Էդ որ ասում են՝ «սիմուլյանտ, սիմուլյանտ», որևէ մեկը, այդ թվում՝ վերջին եզրակացությամբ, չի հերքել հիվանդությունների բնույթը, միակ բանը, որ տարբերվում է՝ էս անգամ արդեն փորձագիտական հանձնաժողովը որոշել է, որ վիրահատության կարիք չունի, և եթե կարիք էլ ունենա, Հայաստանում հնարավոր ա», - ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:
Գագիկ Խաչատրյանին դատում են 2019 թվականից, նա այն ժամանակ իր ոտքով էր գալիս դատարան, հետո սայլակով, վերջերս էլ պատգարակով: Նրա բժիշկները պնդում են՝ չվիրահատվելու դեպքում կարող է հաշմանդամ դառնալ:
Տնտեսական ու կոռուպցիոն լուրջ հանցանքների համար մեղադրվող Խաչատրյանը 2019 թվականից դատարանի թույլտվությամբ կարճ ժամանակով 13 անգամ մեկնել է Գերմանիա ֆիզիոթերապիայի և վերադարձել։ Իրավիճակը փոխվել է անցած տարի, դատարանը թույլատրել է մեկնել արտերկիր վիրահատության, սակայն դատախազությունը հենց այդ ժամանակ նոր մեղադրանք է առաջադրել՝ փակելով Խաչատրյանի ելքը:
«էդ որ ասում են՝ «կգնա, չի գա», է, կգնար, չէր գա 13 անգամ, բա ինչի՞ էր գալիս», - ասաց փաստաբանը:
Մինչև 2025 թվականը փորձագետները պնդում էին, որ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, որն անհնար է անել Հայաստանում։
Այս տարի, սակայն, պետության նշանակած նույն մասնագետները հակառակ եզրակացությունն են տվել՝ նշելով, թե վիրահատության կարիք չկա, եթե կա էլ, ապա դա հնարավոր է անել Հայաստանում՝ Հանրայինին ասել է դատախազ Արթուր Դանիելյանը:
Որպեսզի պարզվի իրարամերժ փորձաքննությունների պատճառը, քննչականը վարույթ է նախաձեռնել: Իրավապահները Խաչատրյանին կալանավորեցին վերջին փորձաքննությունից հետո, դատախազությունը պարզաբանեց, թե նա հրաժարվել է ՄՌՏ անցնել, որով էլ հնարավոր կլիներ հասկանալ՝ կա վիրահատության կարիք, թե՝ ոչ:
Փաստաբան Երեմ Սարգսյանն ընդգծում է՝ Խաչատրյանը հրաժարվել է հերթական ՄՌՏ-ից, քանի որ ամեն անգամ վատանում է, իսկ դրանք ամեն տարի են արվել:
Սարգսյանն ընթերցում է փորձաքննություններից մեկի եզրակացությունը. «Պացիենտին առաջին վիրահատության ժամանակ տեղադրված է միջողային սկավառակի էնդոպրոթեզ, որի հետ կապված կրկնակի միջամտության համար անհրաժեշտ է համապատասխան վիրաբուժական գործիքների հավաքածու, որը Հայաստանի Հանրապետության տարածքում, ըստ առկա տեղեկատվությունների, բացակայում է: Յուրաքանչյուր միջողային էնդոպրոթեզ ունի իր սեփական հատուկ գործիքների հավաքածուն, որը կիրառելի չէ այլ տեսակի էնդոպրոթեզների համար, նման էնդոպրոթեզներ Հայաստանում չեն կիրառվում»:
Ի՞նչ փոխվեց այս 4 տարիների ընթացքում
Ինչպե՞ս ստացվեց, որ նույն մասնագետը 2022-ին եզրակացրել էր, թե Խաչատրյանը պետք է վիրահատվի և դա կարող է անել նրա գերմանացի բժիշկն իր գործիքներով Հայաստանում, իսկ այս տարի հակառակն է նշել, թե վիրահատության կարիք չկա: Ի՞նչ փոխվեց այս 4 տարիների ընթացքում՝ հարցնում են փաստաբանները:
Փորձագետը, բժշկական գաղտնիքը պատճառաբանելով, հրաժարվեց բացատրել, թե ինչո՞ւ է տարբեր եզրակացություններ տվել:
Մինչ այդ, Խաչատրյանին տարիներ առաջ վիրահատած գերմանացի պրոֆեսորը շարունակում է պնդել՝ նա անհապաղ պետք է վիրահատվի և հենց իր կլինիկայում:
«Շարժունակության խնդիրները կեղծել կարելի է, բայց թեստերի նյարդաբանական պատկերը կեղծել հնարավոր չէ: Այստեղ՝ Հայաստանում, իմ կոլեգա բժիշկները չափումներ են արել, և դրանք նախորդի համեմատ ցույց են տալիս իրավիճակի զգալի բացասական զարգացում, այսինքն՝ վիճակը գնալով վատանում է: Ու եթե մարդը կարող է ասել՝ թևս ցավում է, ինքը չի կարող ՄՌՏ-ի արդյունքների մասով խաբել», - ասել է բժիշկը:
Բժշկական գիտությունների դոկտոր Նիլս Հանսեն-Ալգենշտեդտը վերջերս էր Երևան ժամանել, որ կարողանա զննել բանտում պահվող Խաչատրյանին, բայց Առողջապահության նախարարությունը թույլ չտվեց:
ՊԵԿ նախկին նախագահին Հանսենը վիրահատել է 2018 թվականին: Խնդիրը ողնաշարի ստենոզն է, այն ողնաշարային խողովակի նեղացումն է, որը ճնշում է ողնուղեղին և նյարդային արմատներին՝ առաջացնելով ցավ ու թմրածություն։ Վիրահատության միջոցով բժիշկը հատուկ սարք է տեղադրել՝ պարանոցի հատվածի շարժունակությունն ապահովող իմպլանտ:
«Հաջող վիրահատությունից հետո պարոն Խաչատրյանը վերադարձավ 2021-ին՝ դարձյալ հետազոտության: Այդ ժամանակ մենք ՄՌՏ արեցինք և տեսանք, որ, ցավոք սրտի, ստենոզը վերադարձել է, բայց դեռևս այդ ժամանակ ինքը ողնուղեղի շուրջ բավականաչափ տարածք ուներ աշխատելու համար», - ասել է նա:
2024-ին Հայաստան եկած գերմանացի բժիշկը պարզել էր, որ չի կարող նույն վիրահատությունն անցկացնել Երևանում։ Նա ընդգծում է՝ տեղի բժիշկները բարձրակարգ պրոֆեսիոնալներ են, սակայն կա սարքավորումների լուրջ խնդիր, ինչը մեծացնում է ռիսկերն ու վտանգում վերջնական արդյունքը:
Ի՞նչ է պակասում Հանսենին, որ վիրահատությունն անցկացնի հենց Հայաստանում: Նշում է՝ չի կարող իր հետ բոլոր գործիքները բերել, այդ թվում՝ հատուկ վիրահատական սեղանն ու ներվիրահատական ԿՏ սկաները, որոնց համար հիվանդանոցները նախապես են նախագծվում:
Առողջապահության նախարարությունն «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել է, որ նախարարության խորհրդատու Սևակ Բադալյանի հետ քննարկումների արդյունքում եզրահանգել են՝ հայաստանյան կլինիկաներում կան ողնաշարային իմպլանտի հեռացման կամ կրկնակի վիրահատության համար անհրաժեշտ սարքավորումներ։ Նախարարությունը հավելել է, որ ներվիրահատական ԿՏ հետազոտություն չկա, սակայն իմպլանտի տեղակայումը ճշգրտվում է ռենտգենով, ինչն ընդունված ստանդարտ է ամբողջ աշխարհում:
Գերմանացի բժիշկները, սակայն, հակադարձում են՝ հենց այդ ներվիրահատական ԿՏ սարքավորումն է առանցքային, քանի որ դրանով է չափվում ողնուղեղի վրա ճնշումը վիրահատության ընթացքում։ Նրանք ընդգծում են՝ «ռազմի դաշտում էլ կարելի է վիրահատել», բայց այս դեպքում խնդիրը հիվանդին լիարժեք ոտքի կանգնեցնելն է, ինչի համար անհրաժեշտ են օպտիմալ պայմաններ։