Մատչելիության հղումներ

Ծիծեռնակաբերդի խճուղում ենթակայանի հրդեհից երկու փրկարար է ծխահարվել, շուրջ 5 հազար բաժանորդ՝ հոսանքազրկվել

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայան է այրվում։
please wait

No media source currently available

0:00 0:00:22 0:00

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով երկու փրկարար է ծխահարվել, նրանցից մեկը հոսպիտալացվել է։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է Ներքին գործերի նախարարության խոսնակը։

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 17։07-ին։

Հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության՝ հիմնականում Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հավաստմամբ՝ բոլոր բաժանորդների էլեկտրամատակարարումը կվերականգնվի ժամերի ընթացքում։

«Չենք բացառում որևէ տեսակի վարկած»

Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը հայտարարել է, որ հրդեհի պատճառների վերաբերյալ որևէ վարկած չի բացառում։ Ընկերությունն արդեն հաղորդում է ներկայացրել հնարավոր հանցագործության մասին։

«Էլեկտրատեխնիկական առումով, մեր մասնագետների պնդմամբ, նման ենթակայանում այս մասշտաբի հրդեհ չպետք է տեղի ունենար։ Չենք բացառում որևէ տեսակի վարկած», - ասել է նա։

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը չի բացառել նաև արտաքին կամ ներքին միջամտության հնարավորությունը։ Նրա խոսքով՝ ծառայողական քննություն կանցկացվի՝ ընդգրկելով ընկերության բոլոր ստորաբաժանումները՝ հերթապահներից մինչև մասնագետներ։

Հրդեհը մարելուց հետո ենթակայանում փորձաքննություն կիրականացվի։ Եթե պարզվի, որ այն հնարավոր է հետագայում շահագործել, ենթակայանը կվերակառուցվի, հակառակ դեպքում նույն տարածքում համարժեք հզորության նոր ենթակայան կկառուցվի։

Պետրոսյանը նաև հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի հետ աշխատանքներ են տարվում Մոնթե Մելքոնյան մայրուղու հարակից տարածքում հողատարածք ձեռք բերելու և բարձր լարման նոր, ժամանակակից ենթակայան կառուցելու ուղղությամբ։

ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ հրդեհը ժամը 21:10-ին մարվել է: Սահմանվել է հերթապահություն: Քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG