Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ նա ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրան օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում։
Թե կոնկրետ ինչ դրվագների են վերաբերում մեղադրանքները, Հակակոռուպցիոն կոմիտեն առայժմ չի մանրամասնում։
Սա, սակայն, նախկին վարչապետի եղբոր մասնակցությամբ առաջին քրեական գործը չէ։
Դեռ 2018-ին Հենրիկ Աբրահամյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով։ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում, որն ըստ իրավապահների փաստացի պատկանում էր Հովիկ Աբրահամյանին, հայտնաբերվել էին ինքնաձիգներ, գնդացիրներ, դիպուկահար հրացաններ, ատրճանակներ և հազարավոր փամփուշտներ։
Այդ ժամանակ իրավապահները ստուգում էին նաև հայտնաբերված զենքի հնարավոր կապը 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների հետ։ Հետագայում փորձաքննությունը ցույց տվեց, որ գործարանում հայտնաբերված զենքերից արձակված փամփուշտների և Մարտի 1-ի դեպքի վայրից վերցված գնդակների ու պարկուճների միջև համընկնում չկա։
Հենրիկ Աբրահամյանն ավելի ուշ 5 միլիոն դրամ գրավով ազատ արձակվեց։ Տարիներ տևած քննությունից հետո դատարանը նրան և Ամբիկ Գևորգյանին երկու տարվա ազատազրկման դատապարտեց ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար, միաժամանակ համաներում կիրառեց, և նրանք պատիժը չկրեցին։ Դատախազությունը հետագայում բողոքարկեց այդ վճիռը՝ պահանջելով ավելի ծանր հոդվածով մեղավոր ճանաչել նրանց և համաներում չկիրառել։
Վերաքննիչն ուժի մեջ է թողել այս որոշումը, վճռաբեկն էլ մերժել է վարույթ ընդունել բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հենրիկ Աբրահամյանի անունը շրջանառվել է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առնչվող մեկ այլ՝ «Ավազահատիկ» ընկերության գործով։ Դեռ 2018-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ տվյալներ են ձեռք բերվել Հովիկ և Հենրիկ Աբրահամյանների, ինչպես նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հնարավոր չարաշահումների վերաբերյալ։
«Ավազահատիկի» տնօրեն Գևորգ Գևորգյանը պնդել էր, որ իրեն ստիպել են հրաժարվել ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսից։ Պետական ռեգիստրի տվյալներով՝ 2008-ին ընկերության բաժնետերերի կազմում փոփոխություն էր տեղի ունեցել, և 30 տոկոս բաժնեմաս էր գրանցվել Հենրիկ Աբրահամյանի անունով։
Գործը դեռ քննվում է դատարանում։ Դատական վարույթի շրջանակում Աբրահամյանի նկատմամբ կիրառվել էր երկրից բացակայելու արգելք։
Իրավապահների ուշադրության կենտրոնում է եղել նաև ինքը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող հողամասերի օրինականացման մեղադրանքներով։ 2025-ին Աբրահամյանը ձերբակալվել էր, ապա նրա նկատմամբ նախ տնային կալանք, ավելի ուշ՝ վարչական հսկողություն էր կիրառվել։ Նա մեղադրանքը չի ընդունում։
Բացի այդ, պետությունը Հովիկ Աբրահամյանից պահանջում է բռնագանձել 59 անշարժ գույք և ավելի քան 21 միլիարդ դրամ՝ որպես ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք։
Անցած ամիս կալանավորվեց նաև Աբրահամյանների ընտանիքի մեկ այլ անդամ՝ նախկին վարչապետի որդի Արգամ Աբրահամյանը, ով նաև Գագիկ Ծառուկյանի փեսան է։ Աբրահամյանը երկու ամսով կալանքի տակ է՝ 2023-ին հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով։ Կրտսեր Աբրահամյանը ևս մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպանները գործը անհիմն են համարում։