Մատչելիության հղումներ

Հայաստանում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղության գործընթացը. Հաջիև

Հիքմեթ Հաջիև, նախագահ Իլհամ Ալիևի օգնական
Հիքմեթ Հաջիև, նախագահ Իլհամ Ալիևի օգնական

Ադրբեջանը բազմիցս է զգուշացրել, որ Հայաստանում և հայկական սփյուռքում «ռևանշիստական ուժերը դեռ ուժեղ են» և փորձում են խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, Դուբայում Արաբական լրատվամիջոցների ֆորումի շրջանակում Euronews-ի կազմակերպած պանելային քննարկմանն ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ «Հայաստանի կառավարությունը և Հայաստանի ղեկավարությունը ևս պետք է աշխատեն իրենց ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»:

«Մենք հաղթեցինք պատերազմում, բայց մենք նաև հաղթում ենք խաղաղ ժամանակ, ինչը դժվարին պայքար է», - ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը հանձնառու է պահպանելու իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը որպես իր պատմության մաս, չնայած Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցերով զբաղվողները պարբերաբար ահազանգում են, որ Ադրբեջանը համակարգված ձևով հողին է հավասարեցնում հայկական մշակութային կոթողները:

«Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում օկուպացիայի տարիների ընթացքում մեր մզկիթները, մեր իսլամական մշակութային ժառանգությունը Հայաստանի կողմից լիակատար ոչնչացման առարկա էին. նույնիսկ խոզերին էին մզկիթների ներսում պահում»,- ասել է նա:

«Մենք դա չենք ընդունում որպես վրեժխնդրության նշան, բայց դա մեր պատմությունն ու ժառանգությունն է, և մենք չենք կարող դա մոռանալ», - հավելել է ադրբեջանցի պաշտոյնան:

Իլհամ Ալիևի օգնականը նշել է, որ չնայած իր երկիրն ավելի լայն իսլամական քաղաքակրթության մաս է կազմում, «ներկայումս Ադրբեջանում կողք կողքի գործում են երեք կրոն՝ իսլամը, քրիստոնեությունը և հուդայականությունը՝ մզկիթներով, եկեղեցիներով և սինագոգներով», թեև այս տարվա ապրիլին Բաքուն հաստատեց, որ քանդել է Ստեփանակերտի մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին՝ պնդելով, թե դրանք ապօրինի կառույցներ էին:

Խոսելով Ադրբեջանի մշակութային և կրոնական համակեցության պատմության մասին՝ Հաջիևը բացատրել է, որ «ավելի քան հպարտ է, որ իր երկիրը զրադաշտականության առաջին վայրերից մեկն է»։ «Այն նաև քրիստոնեության առաջին վայրերից մեկն է չորրորդ դարից ի վեր. քրիստոնեությունը [Կովկասյան] Ալբանիայի թագավորության կողմից ընդունվել է որպես պաշտոնական կրոն: Ղարաբաղում մենք ունենք ամենաուժեղ հետքը: Ցավոք, տարիների ընթացքում այն ենթարկվել է կեղծման, եկեղեցիների ճարտարապետության փոփոխման և այլն, և դա չպետք է լիներ այդպես»,- ասել է նա:

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան նաև ԵՄ-ին է մեղադրել տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտելու մեջ՝ ասելով, թե «Եվրոպական խորհրդարանը բանաձևեր և որոշումներ է ընդունում, որոնք նվաստացնում և նաև խաթարում են մեր տարածաշրջանի խաղաղության օրակարգը»: «Մենք տարածաշրջանային խաղաղություն կառուցելու գործընթացում ենք, բայց Եվրոպական խորհրդարանը հետապնդում է բոլորովին այլ օրակարգ»,- նշել է նա։

Հաջիևը նշել է, որ Հարավային Կովկասի հարցում ԵՄ քաղաքականությունը պետք է լինի ոչ թե «միակողմանի», այլ «ընդգրկի ամբողջ տարածաշրջանը՝ տարածաշրջանի երկրների հետ հավասարակշռված համագործակցությամբ» և ուղղված լինի «նոր գործընկերության հայեցակարգի ձևավորմանը... այլ ոչ թե բաժանարար գծերի ստեղծմանը»։

Անցած շաբաթ Հաջիևը երկրում հավատարմագրված տասնյակ դիվանագետների Լեռնային Ղարաբաղ ուղեկցելու ժամանակ, պնդել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը աղվանական եկեղեցիներ են: Իսկ Գանձասար այցի ընթացքում ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական հին ձեռագրերի վերաբերյալ: Բացելով գրքերի մակետները՝ Հաջիևը դիվանագետներին ցույց էր տվել դատարկ էջերը, ինչին ներկաները ծիծաղով էին արձագանքել:

Պաշտոնական Երևանը խուսափում է քաղաքական գնահատական տալ Բաքվի այս գործելաոճին. երեկ առաջին անգամ անդրադառնալով Գանձասարի դեպքերին՝ վարչապետ Փաշինյանն ասաց, թե «անիմաստ» է համարում Գանձասարի հայկականության թեմայով քննարկումները և «նպատակադրումը, որ դա պետք է ապացուցենք Ադրբեջանին»։ Արձագանքելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակացության պատգամավորին, ով հորդորել էր վարչապետին «մոտենալ ամբիոնին ու ասել, որ Գանձասարը հայկական է», Փաշինյանը հայտաարեց՝ այդ հարցի պատասխանը տրվել է Մատենադարանի տնօրենի միջոցով։ Հայաստանցի պաշտոնյաները նաև շեշտում են, որ այս հարցով Բաքվի հետ բանավեճի մեջ մտնելը չի նպաստում խաղաղությանը, որը խնամքի կարիք ունի:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG