Եվրոպական խորհրդարանն այսօր ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տվել Եվրահանձնաժողովի առաջարկին, որով Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմաններ կստեղծվեն:
Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը սա ևս մեկ նշանակալից քայլ է համարել Հայաստան-Եվրամիություն գործընկերության համար:
Առևտրի ինքնավար միջացառումներ (Autonomous Trade Measures - ATM) սահմանելով Բրյուսելը նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսությանը ռուսական առևտրային սահմանափակումներից հետո:
Ռուսաստանն այս տարվա մայիսից սկսեց փուլ առ փուլ արգելել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների, կաթնամթերքի և ծաղիկների ներմուծումը։ Այս սահմանափակումները հաջորդեցին Երևանում անցկացված Եվրոպական երկու գագաթնաժողովներին, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը։
Երևանին Բրյուսելի սպասվող աջակցության մասին «Ազատություն»-ը դեռ երեք ամիս առաջ էր հաղորդել, մեկ ամիս անց էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում ազդարարեց՝ Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանել:
Այս միջոցառումներն ազատականացնելու են Հայաստանից Եվրամիություն արտահանումների շուրջ 80 տոկոսը: Միաժամանակ այդ կարգավորումներն ուղեկցվում են որոշակի պայմաններով և միջոցառումներով՝ ուղղված Եվրամիության շուկայի պաշտպանությանը, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա:
Բրյուսելի առաջարկը 324 ապրանքախմբի համար ազատ առևտրի հնարավորություն է նախատեսում: Եվրամիության հաշվարկներով՝ հայաստանցի գործարարները երկու տարվա ընթացքում Եվրամիությանն ընդհանուր 5.4 միլիոն եվրոյի չափով մաքսատուրք չեն վճարի: Եվրամիության գնահատմամբ՝ արտոնությունը կծածկի դեպի Ռուսաստան միրգ-բանջարեղենի արտահանումների 99 տոկոսը ու խմիչքների 91 տոկոսը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի հավանությունից հետո նախագիծը կներկայացվի Եվրոպական միության խորհրդի հաստատմանը, որից հետո վերջինս կընդունվի և ուժի մեջ կմտնի Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում հրապարակմանը հաջորդող օրը։
«Առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցները կնպաստեն Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը, հայկական ապրանքների համար ԵՄ շուկայի հասանելիության ընդլայնմանը և Հայաստան-ԵՄ տնտեսական ու առևտրային համագործակցության հետագա խորացմանը», - հայտնել է պաշտոնական Երևանը:
Ռուսաստանն այս տարվա մայիսից սկսեց փուլ առ փուլ արգելել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների, կաթնամթերքի և ծաղիկների ներմուծումը։ Այս սահմանափակումները հաջորդեցին Երևանում անցկացված Եվրոպական երկու գագաթնաժողովներին, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը։