Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայի Սումի և Նիկոլաևի մարզերում կան զոհեր և վիրավորներ։
Սումիում հարված է հասցվել «Մանուֆակտուրա» առևտրի կենտրոնի հարակից ավտոկայանատեղիին։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ զոհվել են 21-ամյա տղա և աղջիկ, մոտ 20 մարդ վիրավորվել է։ Տուժածների թվում դեռահասներ կան, մի քանի վիրավորների վիճակը ծանր է։
Նիկոլաևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհվել է ևս երկու մարդ, առնվազն 12-ը վիրավորվել են, նրանց թվում՝ մեկ տարեկան երեխա։ Վնասվել են նավահանգստային և քաղաքացիական ենթակառուցվածքներ, պահեստներ, փոստային բաժանմունքներ և բնակելի տներ։
Ռուսաստանը նաև հարվածել է Կրիվոյ Ռոգին և Խմելնիցկիին, որտեղ չորս փրկարար է տուժել:
Ուկրաինական Telegram ալիքները հաղորդում են Սոչիում գիշերը տեղի ունեցած պայթյունների մասին: Կրասնոդարի երկրամասի օպերատիվ խումբը հայտնել է, որ Սոչին հարձակման է ենթարկվել անօդաչու նավակներով: Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, կա մեկ տուժած:
Ուկրաինական հարվածները
Ուկրաինական իր հերթին անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի մի քանի շրջանների վրա, այդ թվում՝ Դաղստանի, Վորոնեժի և Կրասնոդարի մարզերի։
Դաղստանի ղեկավարի պաշտոնակատար Ֆյոդոր Շչուկինը հայտնել է, որ իրենց ՀՕՊ ուժերը հետ են մղել հարձակումը՝ «ոչնչացնելով բոլոր օդային թիրախները»: Նա նշել է, որ անօդաչու թռչող սարքից «ընկնող բեկորները» հրդեհներ են առաջացրել Մախաչկալայի նավահանգստում և Գամզատ Ցադասա Ավարի անվան երաժշտական-դրամատային թատրոնում: Տուժածներ չկան:
Տելեգրամյան Astra ալիքը հաղորդում է, որ հարվածը, հնարավոր է, ուղղված է եղել Մախաչկալայի առևտրային ծովային նավահանգստի դեմ, որը գործում է ամբողջ տարին և մշակում է ինչպես հեղուկ, այնպես էլ չոր բեռներ։
Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ Բորիսոգլեբսկում մասնավոր տան վրա անօդաչուի ընկնելու հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մեկ կին զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Նրանք բժշկական օգնություն են ստացել դեպքի վայրում։
Տելեգրամյան Exilenova+ ալիքն էլ հրապարակել է NASA FIRMS-ը արբանյակային լուսանկարը, որում երևում է հրդեհ Ազովի ծովում՝ Կերչի մոտ։ Ըստ ալիքի՝ ենթադրվում է, որ հրդեհը Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող նավ է այրվում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Տուլայի մարզերի, Դաղստանի, Կալմիկիայի, բռնակցված Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի, ինչպես նաև Կասպից և Սև ծովերի ջրերի վրայով որսացել և ոչնչացրել են ուկրաինական 448 անօդաչու թռչող սարք։