Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ 4 երկրների հայտարարությունը ես չեմ ընկալել որպես պահանջ. Փաշինյան

ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների հայտարարության մեջ արձանագրված է, որ նրանք պաշտպանում են հանրաքվե անելու գաղափարը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշելով՝ «հանրաքվե անելու գաղափարը մենք ենք ասել, որովհետև ինչ-որ փուլում պետք է հանրաքվե լինի»:

«Նրանք իրենց պատկերացումներն են ներկայացրել ժամկետների մասին, մենք էլ մեր պատկերացումները ունենք: Այդ հայտարարությունը ես չեմ ընկալել որպես պահանջ, հակառակը՝ ես ընկալել եմ որպես բարեկամական ժեստ, որովհետև մարդիկ աջակցում, կիսում են այդ տեսակերտը և ըստ էության, չեն ընդդիմադում Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու, ընդհուպ մինչև ԵՄ-ին անդամագրվելու օրակարգ որդեգրելու Հայաստանի հնարավորությանը», - ասաց Փաշինյանը:

Մայիսի վերջին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Նաև նշել էին, որ այս դեկտեմբերին՝ ԵԱՏՄ առաջնորդների հաջորդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը քննարկման սեղանին կլինի, Եվրասիական միջկառավարական հանձնաժողովը կզեկուցի Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին:

Հայաստանի վարչապետը օգոստոսի 7-ին շեշտել է՝ Հայաստանում Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվեի անցկացումը կլինի բովանդազուրկ:


XS
SM
MD
LG