Ճամբարակ տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների․ որոնցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում։
Ըստ ռազմական գերատեսչության՝ մյուս զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո:
Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով:
Տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ։
Վահան համայնքի վարչական ղեկավարը՝ զինծառայողների վրաերթի մասին
«Զինվորները վազելուց են եղել: Դեպքից մի 5-10 րոպե հետո ես հասել եմ, չես կարա պատկերացնես ճանապարհի մեջտեղով, թե եզրով են վազել», - ասաց Վահան համայնքի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը:
«Գազ-53» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վահան համայնքից է:
«Ինքը եղել է սթափ: Պայմանագրային զինծառայող է, 3 անչափահաս երեխա ունի, 4-րդն էլ՝ կինը հղի է: Լացում էր, իրեն կոտորում էր, ծանր վիճակում էր», - պատմեց Արշակ Մկրտչյանը: