Մատչելիության հղումներ

Ալիև․ Ադրբեջանի տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող երկաթուղին հաջորդ տարի պատրաստ կլինի

Ադրբեջանի տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող երկաթուղին նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարի, Նախիջևանում տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահման, իսկ Հայաստանի տարածքում շինարարությունը պետք է սկսվի արդեն այս տարի», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Անդրադառնալով TRIPP նախագծին, որը Բաքուն շարունակում է անվանել «Զանգեզուրի միջանցք», Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում իրականացվող աշխատանքները գրեթե ավարտված են։

«Հորադիզ-Աղբենդ ավտոճանապարհը գործնականում պատրաստ է։ Երկաթուղու շինարարությունն էլ արագ տեմպերով է ընթանում։ Մենք ցանկացած պահի կարող ենք արագացնել նախագիծը, պարզապես դրա անհրաժեշտությունը չենք տեսնում, քանի որ հայկական հատվածը պատրաստ չէ», - հայտարարել է նա։

Ալիևի խոսքով՝ հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահման, իսկ Հայաստանի տարածքում նախատեսված 42-կիլոմետրանոց երկաթուղու շինարարությունը, ըստ նրա, պետք է սկսվի արդեն այս տարի։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև, որ նախագիծն այսօր դիտարկվում է ոչ միայն որպես տրանսպորտային, այլև որպես էներգետիկ և ենթակառուցվածքային միջանցք։

«Հայաստանի տարածքում մեր մասնագետները ուսումնասիրություններ են անցկացրել»

«Հայաստանի տարածքում մեր մասնագետների իրականացրած ուսումնասիրության արդյունքում նույնիսկ որոշվել են այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրահաղորդման գծերի հենասյուները», - ասել է Ալիևը՝ հավելելով, որ հույս ունի՝ հայկական կողմը չի ձգձգի այդ աշխատանքները։

Նրա խոսքով՝ արդեն պատրաստ է նաև Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան, Հայաստանի տարածքով, էլեկտրահաղորդման գծի նախագիծը։ Ալիևը պնդել է, որ այդ ենթակառուցվածքը կարող է օգտակար լինել նաև Հայաստանին՝ պնդելով, թե երկրի գործող ատոմակայանը հնացած է և ապագայում կարող է փակվել։

Անդրադառնալով TRIPP նախագծին՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո դրա իրականացումն արդեն մեկնարկել է։ Նրա խոսքով՝ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցում ևս քննարկել են այդ նախագիծը և վերահաստատել, որ այն պետք է իրականացվի մոտ ապագայում։

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո ներկայացվեց TRIPP նախագիծը, որը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծում։ Պաշտոնական Երևանը պնդում է, որ նախագիծը չի ենթադրում Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում և պետք է նպաստի տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մինչդեռ Բաքուն շարունակում է այն անվանել «Զանգեզուրի միջանցք»։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագրի համաձայն՝ TRIPP-ը ներառում է ոչ միայն ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքներ, այլև խողովակաշարերի, կապի և էներգետիկ ցանցերի զարգացում։

XS
SM
MD
LG