Մատչելիության հղումներ

3 նախարարություններ նոր անուններ կունենան․ նախագիծը խորհրդարան կներկայացվի

Կառավարությունն Ազգային ժողով կներկայացնի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է փոխել երեք նախարարությունների անվանումները։ Որոշումն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի շարքում և ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։

Ըստ նախագծի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերանվանվի Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, իսկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։

Նախագծով նաև համապատասխան փոփոխություններ են առաջարկվում նախարարությունների լիազորությունների նկարագրություններում։ Մասնավորապես, ԱԳ նախարարության գործառույթներում ավելացվում են արտաքին առևտրի խթանման, արտահանման շուկաների հասանելիության և օտարերկրյա ներդրումների ներգրավմանն աջակցելու դրույթները։

Եթե օրենքն ընդունվի, այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ ենթաօրենսդրական ակտերը նոր անվանումներին կհամապատասխանեցվեն վեցամսյա ժամկետում։

XS
SM
MD
LG