Մատչելիության հղումներ

Մեզ համար առաջնահերթություն է հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը. Խուդաթյան

«Մեզ համար առաջնահերթություն է մեր չորս հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը», - մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Դա ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, այսինքն, ներմուծել արտահանելու տեսանկյունից, այլև կայնունություն է հաղորդում էներգահամակարգին այնպես, ինչպես այս պահին Հայաստանի էներգահամակարգը կայունություն է հաղորդում Վրաստանի էներգահամակարգին ու հակառակը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ համակարգը կայունություն է հաղորդում Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգին ու հակառակը», - ասաց Խուդաթյանը:

Նախարարն ընդգծեց` էլեկտրահամակարգերի միացման համար տեխնիկական խոչընդոտ չկա. «Մնացած մասով հույս ունեմ զարգացումներ կլինեն, ու մենք պատրաստ ենք այդ զարգացումներին»:

Խուդաթյանն ընդգծեց, որ Իրանի հետ կապված մտահոգություն չունեն. «Էներգետիկ ոլորտում ունենք հրաշալի համագործակցություն, նախորդ տարվա ընթացքում մենք կայուն էլեկտրաէներգիա ենք մակատակարարել Իրան ու այնտեղից ստացել ենք գազ»:

Ավելի վաղ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանշանակ միանալու են՝ փոխադարձ հնարավորություններ ստեղծելով երկու երկրի համար: «Թրամփի ուղով» էլեկտրահաղորդման գծերի և գազատարի կառուցման հարցը վարչապետ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել էր դեռ անցած տարվա հոկտեմբերին՝ Կոպենհագենում:
Դեռևս, սակայն, հստակ չէ, թե երբ են կողմերը առարկայական քայլեր իրականացնելու այս ուղղությամբ:



XS
SM
MD
LG