Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ԼՂ հակամարտության կարգավորման կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու Խաղաղության համաձայնագիրը ստորագրել միաժամանակ:
Մինսկի խումբն ունի ավելի լայն մանդատ և պետք է համոզվել՝ արդյոք լուծարելուց հետո Ադրբեջանը հակամարտությունը չի տեղափոխի Հայաստանի տարածք, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը:
«Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ: Մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է: Բազմիցս ասել եմ՝ դա հասկանալի օրակարգ է ՀՀ-ի համար է, եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստո ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը: Բայց ԵԱՀԿ Միսկի խումբը առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը Ադրբեջանի տարածքում փակելու և Հայաստանի ինքնիշխան տարածք տեղափոխելու ուղղված քայլ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի նախապայմաններից մեկն է, որ դրանից հետո կստորագրի համաձայնագիրը: Փաշինյանը լուծարելու պատրաստակամություն հայտնել էր ավելի վաղ, իսկ այսօր խորհրդարանում ավելի կոնկրետ առաջարկեց. - «Որ բոլոր մտահոգությունները փարատվեն, այդ երկու փաստաթուղթը միաժամանակ նույն տեղում ու նույն պահին ստորագրել»:
«Փարատելու համար Ադրբեջանին առաջարկում ենք՝ խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ: Նույն տեղում, նույն պահին ստորագրել թե՛ առաջինը, թե՛ երկրորդը: Սա պաշտոնական առաջարկություն է»:
Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջին՝ վարչապետը նշեց՝ Հայաստանի Սահմանադրության «տեքստի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն կարող է տալ միայն Հայաստանի հանրապետության Սահմանադրական դատարանը»: Փաշինյանը հիշեցրեց Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը, որտեղ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։
Տևական ժամանակ է՝ ադրբեջանցի պաշտոնյաները պահանջում են Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին: Բաքուն այն իր երկրի նկատմամբ տարածքային պահանջ է համարում։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ:
Պաշտոնական Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվին՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ:
«Առաջիկա նոր Սահմանադրության ընդունման համատեքստում, պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտը»
Առաջիկա նոր Սահմանադրության ընդունման համատեքստում, պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբեմն մտածում եմ, որ արդարության և արդարադատության միջև ճեղքի մասին ընկալումներն ու իրականությունը կարող են կապված լինել այն պրոբլեմի հետ, որ մենք մեր կառուցակարգերով, մեր դատական համակարգն էականորեն հեռացրել ենք ժողովրդից, ըստ էության, կտրելով նրան ինքնիշխանի, այսինքն ժողովրդի և դատական համակարգի միջև օրգանական կապն ու առաջիկա նոր Սահմանադրության ընդունման համատեքստում, մենք լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը», - նշեց վարչապետը:
Նոր Սահմանադրություն ունենալու որոշում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց անցած տարվա մայիսին, երբ Բաքվից արդեն հստակ հայտարարում էին՝ առանց գործող Սահմանադրության փոփոխության Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չեն ստորագրի:
«ՀՀ պետական բյուջե 2018-2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել 4,2 մլրդ դոլար»
Ներկայացնելով հետհեղափոխական տարիների բյուջեի հավելյալ մուտքերը, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ՀՀ պետական բյուջե 2018-2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել 4,2 մլրդ դոլար:
«Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 2018-2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 մլրդ դրամ կամ 4,2 մլրդ դոլար: Սա այն գումարն է, որ պետական բյուջե մուտք է եղել նախորդող շրջանի, մասնավորապես՝ 2011-2017 թվականների բյուջեի աճի միջինացված թվերից ավելի: Այսինքն՝ հետհեղափոխական 7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4,2 մլրդ դոլար, և ուշադրություն դարձրեք, սա քովիդի համավարակի և պատերազմի տարվա ներառմամբ: Այս թվի մեջ, բնականաբար, պետական պարտքը ներառված չէ, պետական պարտքը չի հաշվառվում ընդհանրապես պետական բյուջեի եկամուտ, այս թվի մեջ չեմ ներառել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետական բյուջեին փոխանցված գումարները»,- ասաց նա: