Վարդաշենի 6-րդ փողոց 68ա և 66/1 վթարային շենքերի բնակիչները այսօր դարձյալ քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա էին անում պահանջելով շտապ լուծել իրենց հարցն ու տարհանել իրենց 4-րդ կարգի վթարային շենքերից: Նրանք մի քանի ժամով նաև փակել էին քաղաքապետարանի դիմացի փողոցը, հստակ ժամկետներ էին պահանջում:
Երևանում 4-րդ կարգի վթարային մոտ մեկ տասնյակ շենք կա, Վարդաշենի 6-րդ փողոցի 68ա շենքն ու նրա կողքինը՝ 66/1-ը՝ դրանց թվում են և ենթակա են քանդման: Բնակիչներն ասում են՝ քաղաքապետ Ավինյանը նախընտրական շրջանում խոստացել է հարցը լուծել, սակայն մինչ օրս ոչ մի քայլ ձեռնարկված չէ:
Քաղաքապետարանում որոշ ժամանակ անց ընդունեցին վթարային շենքի բնակիչներից մի քանիսին: Հանդիպումից վերադարձած բնակիչներն ասացին՝ քաղաքապետարանը հարցը կառավարության հետ է քննարկում:
Բնակիչներն այսօր նաև կառավարության շենք գնացին և այնտեղ էլ դիմում փոխանցեցին. - »Իրանք էլ ասացին, որ գործը ընթացքի մեջ է, քննարկում են, բայց մենք խնդրել ենք, որ ավելի արագացնեն գործը, որովհետև սպասման ռեժիմ էլ չկա, ամեն րոպե կարան էդ շենքերը քանդվեն»:
Քաղաքապետը մոտ երեք ամիս առաջ ասում էր, որ վթարային այս երկու շենքերի հարցը լուծելու համար անհրաժեշտ է 3.2 միլիարդ դրամ, որը քաղաքային բյուջեն չի կարող փակել, կառավարությունը պետք է այդ գումարը գտնի: ՄԵկ շաբաթ առաջ ավագանու նիստի ժամանակ, Ավինյանն արդեն ավելի մեծ գումար էր նշում՝ 3.3-3.8 միլիարդ դրամ:
Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն էր մեկ շաբաթ առաջ հարցը բարձրացրել ավագանու նիստում՝ առաջարկելով սահմանափակել այլ ծախսեր ու դրանց հաշվին վերաբնակցնել վթարային այս երկու շենքերի բնակիչներին:
Քաղաքապետ Ավինյանը, սակայն, հակադարձեց՝ գումարը մեծ է, իրենք արդեն իսկ Արցախի փողոցի վթարային շենքերից վերաբնակեցման մի ծրագիր իրականացրել են:
Իսկ վթարային հանրակացարանի բնակիչները շարունակում են բնակվել խարխուլ ու փտած շենքում՝ ամեն վայրկյան վախը սրտերում, որ այն կարող է փուլ գալ:
Ավելի մանրամասն՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.