Մատչելիության հղումներ

Ընտրատարածքային հանձնաժողովը դիմել է դատախազություն՝ Վարդան Ղուկասյանի հայտարարությունների առնչությամբ


Ընտրատարածքային հանձնաժողովը Գլխավոր դատախազություն է դիմել՝ խնդրելով ուսումնասիրել Գյումրիի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերջին հայտարարությունները:

Իսկ Կոմկուսի թեկնածուն իշխող «Քաղաքացիական պայմանագրին» էր մեղադրել, թե վարչական ռեսուրս են չարաշահում: Անգամ պնդել էր, թե պետական ողջ համակարգն աշխատում է իր դեմ՝ բանակից մինչև ԱԱԾ մարդկանց կանչում զգուշացնում ու վախեցնում են:

Ստացե՞լ են ընտրատարածքայինի դիմումն ու արդյոք արդեն ուսումնասիրո՞ւմ են այն. Գլխավոր դատախազությունից «Ազատության»-ը հրաժարվեցին մանրամասներ փոխանցել, հորդորեցին գրավոր հարցում ուղարկել:

Իսկ իշխող ուժի նախընտրական շտաբի ղեկավար, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Վարդան Ղուկասյանի հայտարարությունն ԱԱԾ-ի վերաբերյալ անհիմն է համարում:

«Ուժային կառույցներին բացի օրենքով սահմանված կարգով ապահովել ընտրությունների թափանցիկությունը որևէ այլ հրահանգ չկա՝ ոստիկանություն, ԱԱԾ, այն կառույցները, որոնք պիտի իրենց լիազորություններն անցկացնեն ու ապահովեն մաքուր թափանցիկ ընտրություններ», - նշեց Առուշանյանը::

Բայց Վարդան Ղուկասյանը իշխող ուժին միայն սրա մեջ չէ, որ մեղադրում է. - «Ուրեմն ասել են՝ մտում եք ընտրական տեղամաս, մտնում եք ընտրական ընտրախցիկի մեջ 9 հոգի ենք, ուրեմն անպայման Վարդան Ղուկասյանի քվեաթերթիկը դուրս եք բերում, մեզ եք տալիս, որ մենք տեսնենք, որ դուք իրան չեք ընտրել»:

Ղուկասյանը միևնույն ժամանակ զգուշացնում է, որ ընտրություններից հետո պետական կառույցների այդ աշխատողները պատասխան են տալու անձամբ իրեն:

ՔՊ շտաբի ղեկավարն հակադարձում է, թե իրենք էլ մտահոգություն ունեն ու բացատրում, թե ինչու. - «9 թեկնածու կա, 8-ը 1-ի դեմ պայքար է գնում, ու եթե մենք ենք հրահանգում, ապա 8-ինն էլ պիտի դուրս բերեին, այլ ոչ թե միայն Վարդան Ղուկասյանինը: Բայց էն 8 ուժերը, քանի որ պայքարում են 1 թեկնածուի դեմ, էդ 8-ուժերի քվեաթերթիկը դուրս բերելն ավելի արդարացված կլիներ, քան մեր թիմակիցների կողմից Վարդան Ղուկասյանինը դուրս բերելու»:

Ինչ վերաբերում է համայնքային ու պետական համակարգի աշխատակիցներին վախեցնելուն ու ստիպելուն, որ քվեարկեն իշխող ՔՊ-ի թեկանծուի օգտին, Առուշանյանն ասում է՝ վախեցնելու ժամանակներն անցել են. - «2025 թվականին հնարավոր չէ մարդու վրա ազդեցություն ունենալ իր ընտրությունը կատարելու մեջ»:

Չնայած իշխող ուժի հավաստիացումներին, թե վարչական ռեսուրս չեն չարաշահում, այս ՏԻՄ ընտրություններին հետևող «Ականատես» դիտորդական առաքելությունն օրերս ուսումնասիրել ու եզրակացրել էր, որ ՔՊ-ն ակնհայտորեն չարաշահել է վարչական ռեսուրսը, երբ տարածքային կառավարման ՔՊ-ական նախարարը հայտնել էր, թե քաղաքապետի պաշտոնակատարի, միևնույն ժամանակ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուի դիմումի հիման վրա Գյումրիում մի բանուկ փողոց կնորոգվի: Կառավարության ռեսուրսներն են օգտագործվում ու դա վերագրվում է կուսակցությանը՝ ձայներ բերելու ակնկալիքով, ասել էր դիտորդական առաքելության ներկայացուցիչ Սոնա Այվազյանը:

«Ականատեսը» այլ ահազանգեր էլ ունի, դրանք դեռ ուսումնասիրում են:







XS
SM
MD
LG