Մատչելիության հղումներ

Իսրայելը վերսկսել է ավիահարվածները Գազայի թիրախներին


Գազայի՝ ավերակների վերածված բնակավայրերից մեկը, 5-ը մարտի, 2025թ․
Գազայի՝ ավերակների վերածված բնակավայրերից մեկը, 5-ը մարտի, 2025թ․

Մարտի լույս 18-ի գիշերը իսրայելական բանակը հարվածել է Գազայի հատվածի թիրախներին, հայտնում են լրատվական գործակալությունները։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է «ռազմական գործողությունները վերսկսելու» մասին:

Ընդգծելով, որ հրադադարի երկարաձգման բանակցություններում առաջընթաց չկա՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հրամայել է վերսկսել օդային հարվածները։

Կացը նշել է, որ մարտերը չեն դադարի «մինչ պատանդները տուն չվերադառնան և Իսրայելը չհասնի իր բոլոր նպատակներին»։

ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումն, իր հերթին, հայտարարել է, որ Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումը հարվածի տակ է դնում «Գազայի գերիների» ճակատագիրը։

Սպիտակ տան խոսնակն ասել է, որ Իսրայելը Թրամփի վարչակազմին նախապես ծանուցել է օդային հարվածների իր մտադրության մասին։

«Ալ Ջազիրա»-ն հայտնել է քաղաքացիների շրջանում զոհերի մասին։

Մարտերը վերսկսվել են հրադադարի ուժի մեջ մտնելուց երկու ամիս անց։ Հունվարի 15-ին ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում «Համաս»-ն առաջին փուլով ազատ է արձակել ավելի քան 30 իսրայելցի պատանդների՝ իսրայելական բանտերից մոտ 2 հազար պաղեստինցիների ազատ արձակման դիմաց։ Զինադադարի առաջին փուլն ավարտվել է երկու շաբաթ առաջ։ Շաբաթ օրը Իսրայելն ու «Համաս»-ն ակնարկել էին, որ պատրաստվում են հրադադարի շուրջ բանակցությունների հաջորդ փուլին:

Մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել «Համաս» խմբավորմանը, եթե վերջինս անհապաղ չվերադարձնի իսրայելցի պատանդներին և չհանձնի մահացածների մարմինները։

«Բարև և Ցտեսություն։ Դուք կարող եք ընտրել», -Truth Social-ում գրել էր Թրամփը՝ զգուշացնելով՝ Իսրայել է ուղարկում այն ամենն, ինչ հարկավոր է «գործն ավարտին հասցնելու համար»։

«Սա վերջին նախազգուշացումն է», - ասել էր ԱՄՆ նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG