Մատչելիության հղումներ

Արցախցի երիտասարդը պնդում է՝ ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են կիրառել, ստիպել խոստովանական ցուցմունք տալ


Բարեկամի տան վրա ավազակային հարձակումից հետո արցախցի Տիգրան Ուլուբաբյանին Քննչական կոմիտե, հետո նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչություն են կանչել, հարցաքննել՝ մեղադրելով նրան, թե կապ ունի ենթադրյալ հանցագործների հետ: Տիգրանը պատմում է՝ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում իր նկատմամբ բռնություն են կիրառել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ:

29-ամյա երիտասարդը Արցախից 23 թվականին է տեղահանվել: Եղբայրը զոհվել է 2017-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով: Ծնողների գերեզմանները Մարտունիում է թողել ու Հայաստան եկել իր շան՝ Պինկիի հետ: Վարձով բնակվում է Վանաձորի նույն թաղամասում, ուր երեք օր առաջ տեղի է ունեցել զենքի գործադրմամբ ավազակային հարձակման ու գողության դեպքը: Տիգրանն ասում է՝ ոստիկանները հենց իր միայնակ ապրելու փաստն են շահարկել ու փորձել օգտագործել իրենից խոստովանական ցուցմունք կորզելու համար:

«Իրանք են էսօր բեսպրիդելություն սարքում էս քաղաքում, մեր բարեկամների տուն մտել են ռազբոյ արել, իրանք էլ իմ վրա են ռազբոյ անում: Ոստիկանության աշխատողը գալիս ա անհիմն, առանց թուղթ, առանց բան, գիտեի, որ մենակ տղա եմ, առաջին օրը հարցաքննել ա, ասել եմ՝ մենակ եմ ապրում, ասել ա՝ էդ ա էլի, տանենք տփենք, գլխին սարքենք, պրիզնատ գա, գործը փակենք գնա», - ասաց Տիգրան Ուլուբաբյանը:


Քննչական կոմիտեից «Ազատությանն» ասացին, որ Տիգրանի բարեկամի բնակարան ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել հանցավոր կազմակերպության կողմից զենքի գործադրմամբ ավազակային հարձակման հոդվածով: Սակայն դեռ կասկածյալներ չկան: Իսկ արցախցի երիտասարդի նկատմամբ Ոստիկանությունում տեղի ունեցած գործողությունների համար դեռ վարույթ չկա: Քննչական կոմիտեից ասացին՝ դեռ այդ մասին հաղորդում չեն ստացել, չնայած լրատվամիջոցներում արդեն բազմաթիվ հրապարակումներ կան այս մասին:

Իսկ Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ծառայողական վարույթ են հարուցել, կքննեն ոստիկանությունում տեղի ունեցածը:

Մեկուկես ամիս առաջ Քննչականը ոստիկանության նույն այս վարչությունում խոշտանգման միջոցով ցուցմունք կորզելու մեկ այլ դեպքով քրեական վարույթ էր հարուցել: Մինչ օրս որևէ տեղաշարժ չկա:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG