Արցախցիները զգուշացնում են՝ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու դեպքում դատի են տալու Հայաստանի կառավարությանն ու անձամբ վարչապետ Փաշինյանին՝ իրենց իրավունքները խախտելու համար: Այդ մասին բարձրաձայնում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, պնդում՝ առաջին հայցերից մեկը կներկայացնի հենց ինքը:
Բեգլարյանն իշխանությանն առաջարկում է հաշվի առնել այս հանգամանքը, որ Արդբեջանի դեմ անհատական հայցերին զուգահեռ հայցեր կներկայացվեն նաև Հայաստանի դեմ:
«Միտում կա, որ մենք նախապատրաստվելու ենք նաև Հայաստանի դեմ գանգատներ տանել և պահանջել, որ միջպետական և միջազգային մեխանիզմները, որոնք կարող էին երաշխավորել մեր իրավունքների պաշտպանությունը, պետք է հստակորեն ներդրված լինեն միջազգային մեխանիզմներով և Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների մեխանիզմներով։ Այլապես ՀՀ իշխանությունները հավասարապես կիսում են պատասխանատվություն մեր իրավունքների խախտման և մեր իրավունքների պաշտպանության հնարավորությունների վերացման համար», - «Ազատության»-ը փոխանցեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Երևանն ու Բաքուն համաձայնել են խաղաղության պայմանագրի ստորագրումից և վավերացումից հետո միջազգային ատյաններից միմյանց դեմ հայցերը փոխադարձաբար հետ կանչել: Այս թեման բանակցությունների առարկա է դարձրել հենց Բաքուն: Թե կողմերը սրա շուրջ ամիսների շարունակ ինչ առաջարկներ էին փոխանակում, մինչ այժմ հայտնի չէ: Բանակցվող փաստաթղթի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկները ստանալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր՝ թե՛ այդ, թե՛ սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու վերաբերյալ հայկական առաջարկները չեն ընդունվել: Փաստաթղթի համաձայնեցումը հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ Երևանն ընդունեց Բաքվի պայմանները:
Երեկ խորհրդարանում արտգործնախարար Միրզոյանը մանրամասնեց, թե եղած հայցերը հետ կանչելուց բացի էլ ինչ պարտավորություն են կողմերը ստանձնել:
«Եվ պարտավորվում են ապագայում չներկայացնել հայցեր, որոնք կվերաբերեն խնդիրների, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև մինչև ստորագրման պահը», - հայտարարեց Միրզոյանը։
Արցախի նախկին պաշտոնյան անընդունելի է համարում նաև այս համաձայնությունը, որով Հայաստանի ոչ միայն գործող, այլ նաև հաջորդ իշխանություններին փաստորեն զրկում է Լեռնային Ղարաբաղի հարցով որևէ վեճ իրավական ճանապարհով միջազգային ատյանում լուծելու հնարավորությունից:
«Ադրբեջանի ձեռքերը կտրուկ կերպով ազատվում են, այսինքն՝ ինքն ուժեղի դիրքից թելադրում է Հայաստանին, որ Հայաստանն ամենաբարեկիրթ, ամենաքաղաքակիրթ մեխանիզմները չօգտագործի՝ վեճերի քննման կամ մարդու իրավունքների խախտումների քննման և հետևանքների վերացաման համար», - ասաց Բեգլարյանը:
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ կա ներկայացված ՄԻԵԴ-ում, ևս մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում: Այս հայցերն ըստ էության ներառում են այն բոլոր խնդիրները, որոնք արձանագրվել են 44-օրյա պատերազմից տարբեր փուլերում գերեվարված մարդկանց դատավարություններից և ապօրինի բանտարկություններից, խոշտանգումներից Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակումից մինչև Արցախի անկումը:
Արցակ Բեգլարյանը հայցերը հետ կանչելու որոշումը մի դեպքում ընդունելի կհամարեր, եթե հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրով այս հարցերին լուծում տրվեր:
«Եթե Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կնքեն, որտեղ ներառված կլինեն բոլոր հիմնական հարցերը՝ հակամարտության հարցերն, այդ թվում, օրինակ, Արցախի ժողովրդի վերադարձը, մշակութային ժառանգության պաշտպանության հարցը, մեր մասնավոր հանրային սեփականության պաշտպանության հարցը, գերիների վերադարձի հարցը, տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների քննման և պատժման հարցերը, այդ դեպքում կարող է Հայաստանի Հանրապետությունը միջազգային գանգատները հետ վերցնել», - ասաց Արցախի նախկին պետնախարարը։
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունքը ոչ միայն հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրում չկա, այլ նաև Հայաստանի իշխանության օրակարգում: Արտակ Բեգլարյանն ընդգծում է՝ հայցերը հետ կանչելու պարագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը զրկում են իրենց՝ Արցախ վերադառնալու բոլոր հնարավորություններից:
«Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչ միայն քաղաքական առումով, այլ արդեն իրավական առումով, փակում են Արցախի էջը և մեր վերադարձի հնարավարությունները, կարելի է ասել, զրոյացնում են», - նկատեց Բեգլարյանը։
Իշխանականներն առայժմ ուղիղ չեն արձագանքել Արցախի նախկին օմբուդսմենին, բայց ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարեպտյանն այսօր սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է հայցերը հետ կանչելու թեմային և եզրակացրել,
թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր բոլոր որոշումներում ընդգծել է, որ պետությունները պարտավորություն ունեն քաղաքական լուծում գտնել հակամարտությանը։
Պատգամավորը, սակայն, չի հստակեցրել՝ որն է Արցախի հարցով իշխող ուժի գտած քաղաքական լուծումը: