«Հայաստանի նկատմամբ մեր վստահության մակարդակը մոտ է զրոյի», - նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով՝ Բաքվին փաստաթղթեր են պետք։
«Նրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թվում՝ այսօրվա կառավարությանը: Ինչ նրանք մեզ ասում են, մեզ համար ոչ մի նշանակություն չունի։ Մեզ փաստաթղթեր են պետք, թղթեր են պետք։ Մեզ հարկավոր է, որ նրանց Սահմանադրությունում տարածքային պահանջներ չմնան Ադրբեջանի նկատմամբ, իսկ դրանք դեռ առկա են», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը կրկին բարձրացրել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցը։
«Սա մեր ուղերձն է Հայաստանին և մենք հայտարարում ենք՝ Մինսկի խումբը պահպանելու ոչ մի տրամաբանություն չկա։ Այն ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Այսօր այս հարցը լուծված է։ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս. Ինչո՞ւ չեք միանում մեզ և ԵԱՀԿ-ն լուծարելու համատեղ հայտարարություն ներկայացնում։ Չեն ուզում», - հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։
Նախօրեին Բաքուն ու Երևանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասաց՝ հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնում:
Բայրամովը միևնույն ժամանակ հայտարարեց, թե «հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները, բացի այդ, պետք է լուծարվի Մինսկի խումբն ու դրա մնացորդները»։
Հայաստանի արտգործնախարարությունը միայն հայտարարեց՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Ինչ վերաբերում է հաջորդ փուլում Հայաստանից ակնկալիքներին՝ պաշտոնական Երևանն այդ հարցին իր հայտարարությունում չէ անդրադարձել։
Բաքուն պահանջում է Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին: Բաքուն այն իր երկրի նկատմամբ տարածքային պահանջ է համարում։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ: