Երևանը հաստատում է՝ ընդունել է Ադրբեջանի առաջարկությունները հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ։
Երևանի համաձայնության մասին ժամեր առաջ իմացանք իմացանք Բաքվից, անգամ միաժամանակյա հայտարարություն չեղավ։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնում:
Տեքստի շուրջ աշխատանքի ավարտի մասին ազդարարած Բայրամովը միանգամից Հայաստանից նոր ակնկալիքի մասին է խոսել, թե «հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները, բացի այդ, պետք է լուծարվի Մինսկի խումբն ու դրա մնացորդները»։
Թե Երևանն ու Բաքուն ինչի շուրջ են եկել համաձայնության, առայժմ պարզ չէ։ Չանդրադառնալով բովանդակությանը, Հայաստանի արտգործնախարարությունը միայն հայտարարեց՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։
Ինչ վերաբերում է հաջորդ փուլում Հայաստանից ակնկալիքներին՝ պաշտոնական Երևանն այդ հարցը իր հայտարարությունում շրջանցել է։
Արտգործնախարարությունը բաց տեքստով ասել է՝ առաջարկել էին հանդես գալ բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, բայց պաշտոնական Բաքուն նախընտրել է միակողմանի հայտարարությունը։
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ», - ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։
«Հերթական անգամ հայ հասարակությունը Փաշինյան - Ալիև անդրկուլիսային գաղտնի պայմանավորվածությունների մասին տեղեկանում է Ադրբեջանից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Դաշնակցական պատգամավորին ոչ միայն դա է անհանգստացնում, նա իշխանության լռությունից եզրահանգում է արել. - «Ադրբեջանն այսօր հայտարարեց, որ ինքը պարտադրել է, իսկ Հայաստանը համաձայնվել է իրենց առաջարկությանը»։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ էր հայտարարել, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի Բաքվի վերջին առաջարկներին։
17-կետանոց նախագծի երկու չհամաձայնեցված հոդվածները վերաբերում էին միջազգային հայցերից փոխադարձաբար հրաժարվելուն և հայ - ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն: Երևանն առաջարկում էր, որ միջազգային հայցերի հետկանչը լինի խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում, իսկ եվրոպացի դիտորդները դուրս գան բացառապես սահմանազատված հատվածներից։
Երբ փետրվարին ստացվեց Բաքվի վերջին պատասխանը, վարչապետ Փաշինյանը հայտարարում էր՝ այդ երկու կետերն էլ մնում են չհամաձայնեցված։
Թե ինչ լուծումներ էր առաջարկել Բաքուն, որը ըստ Երևանի ու Բաքվի՝ Հայաստանն ընդունել է, արդեն ժամեր շարունակ անհայտ է։
Արթուր Խաչատրյանը կարծում է՝ Ադրբեջանը դիտորդներին ողջ սահմանին չի ուզում տեսնել։ «Ադրբեջանն ասում էր՝ երրորդ կողմի երկրների ուժերը չպետք է ներկա լինեն սահմանի երկայնքով՝ առանց որևէ կերպ հիշատակելով սահմանազատված կամ չսահմանազատված հատվածները։ Էսօր էս իշխանությունները դրա հետ համաձայնվում են, այսինքն՝ իրենց էդ խղճուկ պահանջը, որ լավ, գոնե սահմանազատված հատվածներում լինեն եվրոդիտորդները, Ադրբեջանն էլի անտեսել է», - հայտարարեց դաշնակցական պատգամավորը։
Ի տարբերություն Երևանի՝ Բաքուն խաղաղության համաձայնագրի ստորագրման պատրաստակամություն չի հայտնել
Ի տարբերություն Երևանի՝ Բաքուն այսօր տարածած պաշտոնական հայտարարության մեջ խաղաղության համաձայնագրի ստորագրման պատրաստակամություն չի հայտնել: Հակառակը, դարձյալ շեշտել են` Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ խաղաղության պայմանագրի բանակցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, որպեսզի չեզոքացվեն Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումները:
«Միևնույն ժամանակ մենք շեշտում ենք ժամկետանց և չգործող Մինսկի խմբի ու դրան կից կառույցների լուծարման անհրաժեշտությունը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Հայտարարության վերջում էլ պնդում են, թե պատրաստ են շարունակել այս և այլ խնդիրների շուրջ երկխոսությունը՝ երկու երկրների միջև կարգավորման գործընթացի նպատակով:
Բաքվից այլ պահանջներ էլ են թվարկում
Ու մինչ Երևանը պատրաստվում է Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ընթացակարգեր քննարկել, Ադրբեջանի բարձրաստիճանները Հայաստանի Սահմանադրության փոփոխությանն ու Մինսկի խմբի լուծարմանը զուգահեռ Հայաստանից ունեցած այլ պահանջներից են խոսում:
«Հայաստանում գտնվող ու Ադրբեջանի դեմ հանցագործություններ կատարած անձինք նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն, Հայաստանի հանցագործությունները չեն մոռացվի», - այսօր հայտարարել է Իլհամ Ալիևի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Անդրադառնալով փակ դռների հետևում, առանց միջազգային դիտորդների ընթացող հայ գերիների դատավարություններին՝ Ալիևի օգնականն անընդունելի է որակել նրանց «գերի ու պատանդ անվանելը»՝ դեռ դատավարությունների փուլում գտնվող հայերին արդեն իսկ մեղավոր ճանաչելով:
«Բաքվում դատավարություն է ընթանում մարդկության դեմ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, Հայաստանը այսօր անիմաստ քարոզչական արշավ է իրականացնում այս դատավարության դեմ։ Անձինք, որոնց դատում են, պատասխանատվություն են կրում օրենքի առաջ», - նշել է Հաջիևը:
Ալիևը բողոքել է Հայաստանի զինվելուց, ԵՄ դիտորդներին անվանել լրտեսներ
Բաքվում ընթացող Գլոբալ ֆորումի ժամանակ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքել է Հայաստանի զինվելուց, ԵՄ դիտորդներին անվանել լրտեսներ:
«Նրանք գիշեր-ցերեկ կանգնած են մեր սահմաններին, ինչպես լրտեսներ, փնտրում են հարմար անցքեր, որպեսզի կարողանան հասնեն մեզ: Մենք ունենք նաև բավարար հետախուզական տվյալներ նման ընտրովի դիտորդական առաքելության վերաբերյալ», - ասել է Ալիևը:
Եվրամիության անզեն առաքելությունը կտրականապես հերքում է նման մեղադրանքները։ Բայց նրանց հեռացմանը հարցը Ադրբեջանը ընդհուպ խաղաղության պայմանագրի նախագիծ է մտցրել:
Ադրբեջանի նախագահն այսօր նաև ասել է, թե խաղաղության պայմանագրի նախագծի հեղինակն, ըստ էության, Բաքուն է. - «Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում: Դրա համար էր Ադրբեջանը հանդես գալիս որպես խաղաղության գործընթացի նախաձեռնողը, ու, ըստ էության, Ադրբեջանն էր խաղաղության պայմանագրի նախագծի հեղինակը, որի շուրջ քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է»։