«Հայաստան մատակարարվող ավերիչ զենքերն ուղղված են մեր դեմ», - այսօր Բաքվի գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով․ - «Գուցե դրանք այսօր այլ տեղ են պետք, բայց այդ զենքերն ուղարկվում են Հայաստան»։
Բաքուն պարբերաբար հայտարարում է, թե «Հայաստանի սպառազինության քաղաքականությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային կայունության համար»։ Պաշտոնական Երևանն էլ հերքում է՝ նշելով՝ մարտունակ բանակ ունենալը երկրի ինքնիշխան իրավունքն է։
Նախօրեին հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց՝ Հայաստանը չունի որևէ ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի նկատմամբ՝ շեշտելով՝ Հայաստանի մտադրությունը միայն իր սեփական պաշտպանական կարողություններն արդիականացնելն է։
Ադրբեջանի ղեկավարն այսօր նաև ասել է, որ Բաքուն հավատարիմ է խաղաղության գործընթացին՝ նշելով՝ քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է։
«Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում», - ասել է Իլհամ Ալիևը։
Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Երևանն արդեն հայտնել է իր մոտեցումը Բաքվից ստացած խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրության վերաբերյալ։ Միրզոյանն ասաց՝ առաջիկայում հնարավորություն կլինի ադրբեջանական կողմի հետ քննարկել «Հայաստանի մոտեցումներն ու խաղաղության համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման ու վավերացման հետ կապված բոլոր հարցերը»: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը սակայն չստակեցրեց Բաքվի հետ նոր բանակցության համաձայնություն կա՞, թե՞ ոչ։
Ադրբեջանի ղեկավարն այսօր Եվրոպական դիտորդական առաքելությանը կրկին մեղադրել է «Եվրամիության հետախուզական առաքելություն» լինելու մեջ։
«Նրանք կանգնում են մեր սահմաններին ինչպես լրտեսները»
«Նրանք գիշեր-ցերեկ կանգնում են մեր սահմաններին ինչպես լրտեսները, հարմար անցքեր են փնտրում՝ մեզ մոտ անցնելու համար», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ալիևը՝ պնդելով, թե «նման ընտրովի դիտորդական առաքելության հետախուզական տվյալներ» ունեն։
Սա Բաքվի՝ նման առաջին հայտարարությունը չէ։ Ալիևն ավելի վաղ եվրոպացի դիտորդների գործունեությունը «հեռադիտակային դիվանագիտություն» էր անվանել։
Եվրամիության առաքելությունը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները։ Առաքելության ղեկավար Մարկոսը Ռիտերն առաքելության գործունեության 2-ամյակի ժամանակ հայտարարեց, որ իրենց գործունեությունը թափանցիկ է և լրտեսություն չեն իրականացնում:
ԵՄ 100 դիտորդներ Հայաստան էին ժամանել 2 տարի առաջ՝ 2023-ի փետրվարի 20-ին։ Եվրամիության երկրների դեսպանները հունվարի 29-ին Բրյուսելում հավանություն տվեցին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։