Մատչելիության հղումներ

Սահմանադրության նոր տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն․ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Սահմանադրության նոր տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն, նախօրեին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծի քննարկումների ժամանակ՝ մերժելով պնդումները, թե Հայաստանի Սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով։

«Նոր սահմանադրության անհրաժեշտության մասին թեզն իմ ուղերձից հետո լայնորեն մեկնաբանվեց որպես Ադրբեջանի կողմից առաջադրված պահանջի կատարում։ Իրականում՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության համատեքստում այն ունի բացարձակապես այլ նշանակություն, չնայած այս պայմաններում հնարավոր չի ժխտել, որ այն տեքստը, որը կարա լինել, ինքը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն, բոլոր դեպքերում բոլոր սահմանադրություններին դա վերաբերում է», - հայտարարեց գործադիրի ղեկավարն՝ առանց մանրամասնելու։

Փաշինյանը միայն շեշտեց, թե 2018 թվականի հեղափոխության հետ նոր Սահմանադրության օրակարգը եղել է։

«Իմ ընկալումը հետևյալն է, որ Սահմանադրությունը պետք է լինի քաղաքացիների պայմանավորվածությունը երկրում ապրելու և հարաբերվելու կանոնների մասին՝ քաղաքացիներն ինչ կանոնով են իրար հետ հարաբերվելու, քաղաքացին և պետությունն ինչ կանոնով են իրար հետ հարաբերվելու, պետական ինստիտուտներն ինչ կանոնով են ձևավորվելու և այլ», - հայտարարեց վարչապետը՝ շարունակելով․ - «Արդյո՞ք այս առումով մեր Սահամանադրությունը, որը կա, տեքստային առումով խնդրահարույց է։ Տեքստային առումով ոչ մի Սահմանադրություն խնդրահարույց չէ, խնդիրին այն է, որ քաղաքացիների հետ պայմանավորվածությունը տեղի չի ունեցել, որովհետև թե՛ Սահմանադրության 1995 թվականի ընդունման, թե՛ հետագա փոփոխությունների ժամանակ ըմբռնումը եղել է այն, որ իշխանությունն ընդունել է Սահմանադրությունը, բայց միշտ քվեարկության արդյունքները կասկածի տակ են եղել․ եղել է ըմբռնում, որ ժողովուրդը դրա օգտին չի քվեարկել։ Սա լրջորեն էական է», - հայտարարեց գործադիրի ղեկավարը։

Տևական ժամանակ է՝ ադրբեջանցի պաշտոնյաները պահանջում են Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին: Հայ պաշտոնյաները նախ հակադարձում էին, թե դա երկրի ներքին գործն է, հետո նշում էին, թե խաղաղության պայմանագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

Փետրվարի վերջին, սակայն, Փաշինյանն ուղերձով ազդարարեց համաժողովրդական հանրաքվեի անհրաժեշտության մասին՝ նշելով, թե էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Գործադիրի ղեկավարը հանրաքվեի համար հստակ ժամկետ չնշեց: Մեկ օր անց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մինչ 2026 թվականի ընտրությունները և, ամենայն հավանականությամբ, հանրաքվեի կդրվի ընտրություններից հետո՝ չբացառելով, որ նոր Սահմանադրության նախաբանից հանվի Անկախության հռչակագրի հղումը: Հայաստանյան ընդդիմությունը կոչ է անում բոյկոտել «Ալիևի պահանջած հանրաքվեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG